Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապան-Ճակատեն ճանապարհը փակ է գիշերվանից, բնակիչներն անհանգիստ են. բնակավայրերի ղեկավարները՝ տիրող իրավիճակի մասին

Կապան-Ճակատեն ճանապարհը փակ է գիշերվանից, բնակիչներն անհանգիստ են. բնակավայրերի ղեկավարները՝ տիրող իրավիճակի մասին
Հայաստան
13:37, 15 ноябрь 2021
«Կապան-Ճակատեն ճանապարհը փակ է գիշերվանից: Այդ ճանապարհից օգտվում էին Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ ու Շիշկերտ բնակավայրերի բնակիչները: Դա քաղաք՝ Կապան տանող միակ կարճ ճանապարհն է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Կապան համայնքի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանը: 

Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էլ նշեց, որ Ներքին Հանդի դպրոցի տնօրենը շաբաթ օրը գնացել էր Կապան, որտեղ բնակվում է, իսկ այսօր չի կարողացել Կապանից գալ Ներքին Հանդ՝ աշխատանքի:

Ադրբեջանցիները մաքսակետը դրել են Կապան-Ճակատեն ճանապարհին: Ներքին Հանդի դպրոցի տնօրենը այսօր ասաց, որ տրանսպորտը չի գործում, չի կարող գալ»: 

Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ չնայած դպրոցի տնօրենը ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողացել Կապանից գալ աշխատանքի, բայց դպրոցը գործում է՝ երեխաները հաճախում են, որովհետև ուսուցիչների մեծ մասը Ներքին Հանդի բնակիչներ են, նրանցից ընդամենը երկուսն են Կապանից:  

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավարը նշեց, որ երեք օր առաջ տեսել է, որ Ճակատեն բնակավայրի վերևի հատվածից տրակտորներ են մտել անտառի մեջ, ասաց՝ ուզում են այլընտրանքային ճանապարհ կառուցել, բայց դեռ չեն սկսել աշխատել:

Ծավ բնակավայրի ղեկավար Սեյրան Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ երեկոյան ժամը 22:00-ին Ծավից գնացել է Կապան, այդ ժամանակ բաց է եղել ճանապարհը, բայց նկատել է, որ ադրբեջանցիներն աշխատանքներ են կատարում, ասաց՝ մաքսակետ են դրել. «Այսօր չեմ կարողացել հետ գնալ Ծավ, ասացին, որ ճանապարհը փակել են՝ գիշերվա 12-ից փակ է ճանապարհը, բայց Ծավի մանկապարտեզն էլ, դպրոցն էլ գործում են՝ երեխաները հաճախում են, որովհետև աշխատողները գյուղից են: Գյուղի խանութներում էլ դեռ ապրանք կա՝ մարդիկ առևտուր են անում, գյուղում հացի փուռ էլ ունենք: Երբ Կապան-Ճակատեն ճանապարհը բաց էր, խանութի ապրանքներն ու ալյուրը Կապանից էինք բերում, հիմա, որ ճանապարհը փակել են, հնարավոր է Մեղրիից բերենք, բայց էդպես էլ ճանապարհը երկարում է՝ 38 կմ-ի փոխարեն դառնում է 60 կմ»:   
    
Ծավ բնակավայրի ղեկավարի խոսքով՝ ներկայումս Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը Գեղանուշ գյուղով է անցնում, բայց այդ ճանապարհը միայն ամենագնացների համար է անցանելի, իսկ երբ ցեխ է լինում, ամենագնացներն էլ չեն կարողանում անցնել:
Երկու բնակավայրերի ղեկավարներն էլ ընդգծեցին, որ Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելը թեպետ բնակիչներին անհանգստացրել է, բայց բնակավայրերում խուճապ չկա: 

Սյունիքի մարզի այդ վեց՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ ու Շիշկերտ բնակավայրերում գործում են բուժկետեր, որտեղ աշխատում են բուժքույրեր, սակայն հրատապ դեպքերի ժամանակ բնակիչները բուժում ստանալու նպատակով գնում են Կապան քաղաք՝ անցնելով 38 կմ: Հիմա Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու պատճառով բնակիչները ստիպված են լինելու անցնել մոտ 150 կմ՝ Կապան հասնելու համար: 
 
Նշենք, որ երեկ գիշերը ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ: «Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- գրված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։
ՀՀ ՄԻ պաշտպանը, անդրադառնալով իրավիճակին, նշել էր, որ Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ»-ն ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: 

Նարա Մարտիրոսյան