Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ալիևը կարողանար մեր սահմանապահ պոստերն անցնել, ապա կարող էր նկարվել Ներքին Հանդի «Սոսու պուրակում»․ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Եթե Ալիևը կարողանար մեր սահմանապահ պոստերն անցնել, ապա կարող էր նկարվել Ներքին Հանդի «Սոսու պուրակում»․ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար
Հայաստան
12:49, 27 апрель 2021
Երեկ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան լուսանկարներ էր հրապարակել՝ «Ղարաբաղ» հեշթեգով։ ՀՀԿ կուսակցության Սյունիքի կառույցի անդամներից մեկը Ալիևայի լուսանկարները տարածել ու գրառել էր․ «Սա Սյունիքն է, Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածք, Սոսիների պուրակ»։ Այդ լուսանկարները նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից շատ արագ տարածում գտան սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում ՝ իբրև Կապանի Նորքին Հանդ գյուղում արված ալիևների լուսանկարներ։ 
Civic.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանն անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է Ալիևն իր ընտանիքով այցելի «Սոսու պուրակ»՝ ընդգծեց․ «Սոսիների պուրակի» մի մասը Ներքին Հանդ գյուղում է, մյուս մասն անցնում է Արցախի հանրապետության տարածք»։ 

Դիտարկմանը՝ Ալիևը կարո՞ղ էր լուսանկարվել Ներքին Հանդի տարածքում գտնվող «Սոսու պուրակում»՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարն արձագանքեց․ «Եթե Ալիևը դիվերսանտ է և կարողանար մեր սահմանապահ պոստերն անցնել, ապա հնարավոր է»։ 
Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Կապան համայնքի որոշ բնակավայրեր առավել սահմանամերձ են դարձել՝ այդ թվում նաև Ներքին Հանդ գյուղը՝ պայմանավորված սահմանային փոփոխություններով։ Սակայն ինչ վերաբերում է «Սոսու պուրակին»՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրեց, որ այդ տարածքը սահմանային փոփոխության չի ենթարկվել․ ««Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։ 

Այնտեղ մինչ պատերազմը իրականացվել են նաև սահմաների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել»։
 
Նշենք, որ Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը լրատվամիջոցներին ասել էր, թե դեկտեմբերի 18-ից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացել է Սոսիների պուրակի փոքր մասը, իսկ մեծ մասը անցել է ադրբեջանական կողմին, և չէր բացառել, որ լուսանկարն այնտեղ արված լինի։
 
Մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանման մեջ ընդգծված է, որ սոցցանցերում և մամուլում տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում է ՀՀ տարածքում։
 
Նարա Մարտիրոսյան