Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետի կողմից ՀԱՊԿ զորավարժությունները մերժելը քայլերից մեկն էր, որպեսզի Արևմուտքի համար մեր մոտեցումը հասկանալի լինի. քաղաքագետ

ՀՀ վարչապետի կողմից ՀԱՊԿ զորավարժությունները մերժելը քայլերից մեկն էր, որպեսզի Արևմուտքի համար մեր մոտեցումը հասկանալի լինի. քաղաքագետ
Քաղաքականություն
17:09, 13 январь 2023
Այս տարի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններ չեն անցկացվի Հայաստանում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա Հայաստանին օգո՞ւտ, թե՞ վնաս է բերելու։ Արդյոք կարո՞ղ ենք այլ երկրների կողմից ակնկալել համագործակցության առաջարկներ պաշտպանական ոլորտում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Civic.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչ արդեն բավական ժամանակ ապացուցել է իր սնանկությունը, և  առնվազն անհասկանալի է՝ ինչո՞ւ դեռ չի սկսվել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը: «ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը ծիծաղելի կլիներ։ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացն արդեն իսկ որոշակի չափով ուրվագծվում է, բայց շատ դանդաղ է տեղի ունենում»,- նշեց քաղաքագետը։ 

Քաղաքական մեկնաբան Էդուարդ Անտինյանն էլ ընդգծեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այդ հայտարարությունը, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը նպատակահարմար չէ, արդեն իսկ շեշտում է, որ դա քաղաքական ղեկավարության որոշումն է, և ավելի է բարձրացնում նշաձողը մեր անհամաձայնության. «Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում ակնկալում է աջակցություն, բայց նրանք ընդամենն առաջարկում են մոնիտորինգ ու հետո ասում են՝ գանք ձեզ մոտ զորավարժություն անենք։ Առնվազն անհասկանալի կլիներ, որ Հայաստանի իշխանությունները համաձայնեին դրան»։ 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշատակել է, որ Հայաստանը անցյալ տարի ևս զորակազմ չի հատկացրել, որ Ղազախստանում մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։  

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը նշեց, որ դեռ նախորդ տարվա մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի տարածք մտավ, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ի պատասխանն առնվազն ոչ բավարար էր։

«Վարչապետը երբ ասում է՝ զորավարժությունները սպառնալիք են, որոշ շրջանակներ փորձում են ցույց տալ, թե ռուսական զորքն է սպառնալիք Հայաստանում։ Խոսքն ամենևին դրա մասին չէր, այլ նրա մասին էր, որ Ադրբեջանը և Իրանը անց էին կացնում զորավարժություններ հենց այն տարածքների սահմանային մասում, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, և Ադրբեջանը մեղադրեց Իրանին, որ ուզում է սպառնալիք ցուցաբերել իրենց նկատմամբ։ Ցանկացած զորավարժություն պայմանական հակառակորդ է ընտրում, և այս պարագայում Հայաստանը պայմանական հակառակորդ պետք է ընտրեր Թուրքիային ու Ադրբեջանին։ Ցանկացած զորավարժություն դիտարկվում է որպես պոտենցիալ սպառնալիք»,- մեկնաբանեց Էդվարդ Անտինյանը։ 

Արդյոք հրաժարվելը ՀԱՊԿ զորավարժություններից Հայաստանին տալի՞ս է հնարավորություն համագործակցելու արևմտյան երկրների հետ պաշտպանական ոլորտում։

Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է իմանա, որ Արևմուտքը հստակ կողմնորոշում է ակնկալում. «Մենք շատ կցանկանայինք պահպանել այդ չեզոքությունը, բայց ոչ մի ձևով չի հաջողվում, որովհետև Արևմուտքը ներքաշված է ուկրաինական պատերազմի մեջ, և նրանք ընտրել են ագրեսորին ու պայքարում են նրա դեմ, ասում են՝ նա պետք է պարտվի ցանկացած պարագայում, իսկ պարտվելուց հետո աշխարհում լինելու է նոր աշխարհակարգ։ Հայաստանն այսօր շահագրգռված է, որ մինչ այդ նոր աշխարհակարգի ձևավորումը չկորցնի իր պետականությունը կամ առավելապես կարողանա աջակից լինել Արցախին։ Այդ իսկ պատճառով մենք ենք դիմում աշխարհին, իրենք էլ ասում են՝ եթե դիմում ես, ապա կողմնորոշվի՝ դու որ կողմում ես»։  

Այս համատեքստում Էդվարդ Անտինյանը հիշեցրեց, որ Արցախի իշխանությունն ասում է՝ ռուս խաղաղապահների լիազորությունները պետք է ընդլայնել, քանակն ավելացնել։ Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ սա նշանակում է, որ ռուս խաղաղապահներն իրենց գործը լավ են անում. «Արդյոք մենք բավարար չափով հասկանալի՞ ենք քաղաքակիրթ Արևմուտքի համար»։

Էդվարդ Անտինյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի կողմից ՀԱՊԿ զորավարժությունները մերժելը քայլերից մեկն էր, որպեսզի Արևմուտքի համար մեր մոտեցումը հասկանալի լինի։  

Նարա Մարտիրոսյան