Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում էթնիկ զտումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության միջոցներն արդեն իսկ ուշանում են. Արցախի ԱԺ նախագահ

Արցախում էթնիկ զտումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության միջոցներն արդեն իսկ ուշանում են. Արցախի ԱԺ նախագահ
Քաղաքականություն
21:21, 17 январь 2023

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ պետք է համատեղ ջանքերով պարտադրել միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են:


Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է:


Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում
120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից:


30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը:
Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաշտոնական նամակն ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին` ուզում եմ ընդգծել, որ այս հարցում ՀՀ և ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա:


Սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար:


Մենք պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են»: