Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից ժամանած որոնողափրկարարական խումբն այս պահին վայրէջք է կատարում Թուրքիայում․ Կարո Փայլան

Հայաստանից ժամանած որոնողափրկարարական խումբն այս պահին վայրէջք է կատարում Թուրքիայում․ Կարո Փայլան
Քաղաքականություն
23:07, 07 февраль 2023
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ այս պահին Թուրքիայի օդանավակայանում վայրէջք է կատարում հայկական ինքնաթիռը, որ Թուրքիա է տեղափոխում հայկական որոնողափրկարարական խմբին։

«Հայաստանից ժամանած որոնողափրկարարական խումբն այս պահին վայրէջք է կատարում Թուրքիայում։
Համերաշխությունը կյանքեր է փրկում»,- գրել է Փայլանը հեշթեգում նշելով՝ Հայաստան, Թուրքիա։
 
Հիշեցնենք, որ ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից: