Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ պատգամավորներն ստացել են սահմանադրական փոփոխությունների նախագիծը, մոտ օրերս նախատեսված է Արցախի նախագահի հանդիպումը ԱԺ խմբակցությունների հետ․ պատգամավոր

Արցախի ԱԺ պատգամավորներն ստացել են սահմանադրական փոփոխությունների նախագիծը, մոտ օրերս  նախատեսված է Արցախի նախագահի հանդիպումը ԱԺ  խմբակցությունների հետ․ պատգամավոր
Քաղաքականություն
19:32, 15 февраль 2023
Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  սահմանադրական փոփոխությունների գործընթաց է նախաձեռնել՝ «ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ»: 
 
ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ  Սահմանադրության փոփոխության նախագիծը  Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել փետրվարի 14-ին։

ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նելա Գրիգորյանը Civic.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախագիծն այսօր են ստացել։ «ԱԺ-ում դեռևս քննարկումը չի սկսվել։ Առաջիկա օրերին, հավանաբար, կլինի»։

Նախագիծն այն մասին է, որ ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում արտահերթ ընտրություն չի նշանակվում, ԱԺ ընտրած նախագահը պաշտոնավարում է մինչև նախագահական հերթական ընտրություններ։   

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, ի դեպ,  բացառել է վարկածը, թե սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ: «Խոսքը նախագահի հնարավոր հրաժարականի մասին չէ, այլ խոսքն այն մասին է, որ ստեղծված պայմաններում մենք ունենք բազմաթիվ սպառնալիքներ, և Արցախն անգլուխ մնալ չի կարող», - վստահեցրել է  Ավանեսյանը։

Նելա Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են խոսակցություններն այն մասին, որ Արցախում իշխանությունը երկատված է, նախագահ-պետնախարար առճակատում կա։ «Ո՛չ, այդպիսի բաներ չկան։ Ես տեղյակ չեմ և, կարծում եմ, չկան, ես նման խոսակցություն չեմ լսել ո՛չ իշխանության ներկայացուցիչների, ո՛չ էլ ժողովրդի կողմից»,- նշեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի բացմանը, ապա Գրիգորյանը լավատեսություն հայտնեց, որ այն կբացվի մոտ ապագայում։  Տիկին Գրիգորյանից փորձեցինք ճշտել նաև այն լուրի իսկությունը, թե՝ ԱՀ  նախագահը օրերս մեկնել է Մոսկվա։ «Ես էլ Ձեզ պես լսել եմ լրատվականներից, որ գնացել է։ Դրա մասին մենք օֆիցիալ որևէ բան չենք լսել։ Բոլոր հարցերը՝ նախագահի հետ առաջիկայում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ կպարզաբանվեն»,- նշեց Գրիգորյանը և բնական համարեց Արցախի նախագահի ՌԴ մեկնելը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ երկրի խաղաղապահներն են Արցախում տեղակայված, և, իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

 Պատգամավորը հավելեց, որ առաջիկա օրերին  նախատեսված է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ԱՀ նախագահի հետ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր  Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ: Քննարկվել են շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը:
 
Նշենք, որ Արցախի ԱԺ խմբակցություններից մեկի՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի հետ համագործակցության հուշագիր կնքած  «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը երեկ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր  Արցախում առկա սահմանադրական ճգնաժամի մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․  «Արցախում ստեղծված սահմանադրական ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Արցախի քաղաքական և հասարակական շրջանակների խղճին է, ովքեր տառապում են բացառապես պաշտոն զբաղեցնելու, պետական բյուջեից սնվելու, իշխանական շրջանակներին հնարավորինս մերձ հարելու մոլուցքով, բայց ոչ քաղաքական և հասարակական պատասխանատվություն կիսելու պատրաստակամությամբ։  Արցախում և նրա շուրջը ստեղծված իրավիճակը սահմանադրական ճգնաժամի ուղղակի հետևանք է, ուստի, փոխանակ զբաղվելու դրա հետևանքները մեղմելու պարապ գործով, բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն դրա պատճառների վերացմանը։ Կոչ եմ անում Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքների պահպանմամբ մտահոգ շրջանակներին՝ բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»։

 Ըստ Արցախի գործող Սահմանադրության՝ հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է,  ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորու­թյունների ավարտից 50 օր առաջ: Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորու­թյունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտո­նանկ անելու, ինչպես նաև Ազգային ժողովը արձակվելու դեպքերում նշանակ­վում են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:


Ելենա Ազատյան