Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ն սահմանադրական փոփոխության նախագիծն ուղարկել է ԱՀ Գերագույն դատարան

Արցախի ԱԺ-ն սահմանադրական փոփոխության նախագիծն ուղարկել է ԱՀ Գերագույն դատարան
Իրավունք
18:45, 03 ноябрь 2022
Նոյեմբերի 3-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը:

Օրակարգում երկրորդ ընթերցման ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր: 
Նախագծի վերաբերյալ  նախատեսված գրավոր  առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր  մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն:

ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը  տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

ԱԺ գլխադասային  հանձնաժողովի եզրակացությունը  նախագծի վերաբերյալ դրական էր:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ.

 «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»:

Որոշումն ընդունվել է 30 կողմ ձայնով:

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին հարցի քննարկումը  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ընդատվել է մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը: