Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու
հրամանը որևէ նշանակություն չունի Ռուսաստանի համար․ գրում է
ՌԻԱ Նովոստին։«Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը չի վավերացրել, ուստի որևէ պարտավորություն չի կրում:
Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության միջազգային հրաման է տվել։
Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաներին ապօրինի տեղահանելու մեջ։
Միջազգային քրեական դատարանի դատավորները հավելում են, որ իրենք բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ Պուտինն անձամբ է պատասխանատու այդ հանցագործությունների համար՝ թե՛ որպես դրանց անմիջական մասնակից, թե՛ որպես առաջնորդ, որի ենթակաները, իր համաձայնությամբ կամ հավանությամբ, կատարել են այդ հանցագործությունները։
Անահիտ Խաչատրյան