Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաագայի միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել

Հաագայի միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել
Քաղաքականություն
19:47, 17 март 2023
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության միջազգային հրաման է տվել․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում երկու անձի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի ձերբակալման հրաման է տվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաներին ապօրինի տեղահանելու մեջ։

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը հայտարարել է, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելը կարող է ռազմական հանցագործություն համարվել։

«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահը, պատասխանատվություն է կրում Ուկրաինայի օկուպացված տարածքներից բնակչության (երեխաների) ապօրինի տեղահանման և Ռուսաստանի Դաշնություն տեղափոխման համար (Հռոմի ստատուտի 8(2)(ա)(vii) և 8(2)(բ)(viii) հոդվածներով)»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։

Միջազգային քրեական դատարանի դատավորները հավելում են, որ իրենք բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ Պուտինն անձամբ է պատասխանատու այդ հանցագործությունների համար՝ թե՛ որպես դրանց անմիջական մասնակից, թե՛ որպես առաջնորդ, որի ենթակաները, իր համաձայնությամբ կամ հավանությամբ, կատարել են այդ հանցագործությունները։

Անահիտ Խաչատրյան