Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև ընտրությունները ներքին ցնցումներն ավելի վատ են դարձնելու իրավիճակը, գայթակղելու են Ադրբեջանին՝ իր ագրեսիվ գործողությունների մեջ․ Լևոն Զուրաբյան

Մինչև ընտրությունները ներքին ցնցումներն ավելի վատ են դարձնելու իրավիճակը, գայթակղելու են Ադրբեջանին՝ իր ագրեսիվ գործողությունների մեջ․ Լևոն Զուրաբյան
Քաղաքականություն
15:13, 27 май 2021
«ՀԱԿ-ը այս ընտրություններին մոտենում է, ոչ թե որպես սովորական ընտրություն, այլ որպես պետության վերականգնման օպերացիայի։

Սա հատուկ օպերացիա  է՝ պետությունը փրկելու ուղղությամբ։ Եվ միայն դա է պարտադրել մեզ մտնել այս ընտրությունների մեջ, այս ընտրարշավի մեջ, որովհետև մենք տեսնում ենք, որ ալտերնատիվը դա պետականության փլուզումն է և նորանոր դժբախտություններ և ողբերգություններ հայ ժողովրդի համար»,-այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ-ի նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը։

Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանում հաղթանակի քաղաքական ռեալզիմը, որը հիմնված է ռեալպոլիտիկի, իրատեսության, ստրատեգիական հաշվարկի վրա, դաշնակիցների հետ հիմնավորված աշխատանքի վրա։ 

«Իսկապես ժամանակն է սթափվելու։ Մենք 1997 թվականին զգուշացնում էինք այս զարգացումների մասին։ Բոլորդ հիշում եք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որը կոչվում էր՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»․ լրջանալու պահը։ Դա իսկապես լրջանալու պահ էր, եթե մենք այն ժամանակ գնայինք այն ճանապարհով, որ նկարագրված էր այդ հոդվածում, մենք այսօր  կունենայինք բոլորովին այլ պետություն՝ հզոր, որը կլիներ, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցման հաբ, որը կլիներ զարգացած բազմամարդ, հզոր պետություն։ Ցավոք սրտի մենք հրաժարվեցինք այդ ճանապարհից և ցավոք սրտի գնաց այն շղթան, որը բերեց մեզ այս նվաստացուցիչ օրվան։ Բայց մենք հիմա հասկանում ենք, որ եկել է ժամանակը, երբ մեր քաղաքական ուժը և ընդհանրապես բոլորս պետք է հասկանանք, որ սա սթափվելու ժամանակն է և հուշենք, նաև նախազգուշացնենք, որ եկել է լրջանալու պահը»,-ասաց Լևոն Զուրաբյանը և լրագրողներին ցույց տվեց իրենց նախընտրական պաստառը, որի վրա գրված էր ՝ «Լրջանալու պահը»։ Հենց այս կարգախոսով էլ Կոնգրեսը կգնա նախընտրական քարոզարշավի։

Նա նաև նշեց, որ մինչև ընտրությունները ներքին ցնցումներն ավելի վատ են դարձնելու իրավիճակը, միայն ավելի են գայթակղելու Ադրբեջանին՝ իր ագրեսիվ գործողությունների մեջ, և իրենց նպատակը, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիների նպատակը պետք է լինի Հայաստանում արագորեն վերականգնել արդյունավետ պետական կառավարում և այդ շանսը կտրվի հունիսի 20-ին։