Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը չի կողմնորոշվել՝ մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ

Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը չի կողմնորոշվել՝ մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ
Քաղաքականություն
20:51, 26 апрель 2021
Դեռ ամիսներ առաջ Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսից հայտարարում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել համամասնական ընտրակարգով։

«Անթույլատրելի է ռեյտինգային ընտրակարգով անցկացնել արտահերթը։ Խիստ անհրաժեշտ է ընտրություններից առաջ վերացնել այդ համակարգը, որը, ըստ Կոնգրեսի, ծրագրային պայքարը վերածում է փողատերերի և կրիմինալ հեղինակությունների մրցակցության», - հայտարարել էր կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Սակայն Civic.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին․ ինչին անդրադառնալով՝ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չկա նման որոշում և առաջիկայում կլինի հայտարարություն։

Հիշեցնենք՝ մոտ երկու շաբաթ առաջ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջիկայում կլինի համագումար և կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին և հավելել էր․ «Ռեյտինգային ընտրակարգը վերացնելը մեր պահանջներից մեկն էր»։

Սակայն այսօր, երբ  ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում» փոփոխությունը և ընտրությունները կանցնեն առանց ռեյտինգային համակարգի՝ ՀԱԿ-ը այժմ էլ չի հստակեցնում՝ կմասնակցե՞ն ընտրություններին, թե՝ ոչ։