Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի դեմքով ենք ներկայանալու ընտրողներին. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ասաց, որ քաղաքական ուժերի և քաղհասարակության շրջանում այդ հարցի շուրջ կա ընդհանուր կարծիք, որ ռեյտինգային ընտրակարգը ամենահարմար համակարգը չէ Հայստանի համար։

«Գիտեք, որ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր նման երկրի համար միջազգային բազմաթիվ վերլուծություններ և զեկույցներ կան, որ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է մաքուր համամասնական համակարգը», - ասաց Բադասյանը։

Նախարարն ասաց, որ կարծում է՝ մոտ օրերս այս հարցի մասով լուծում կլինի, քանի որ ընտրական օրենսգրքի նախագծի փաթեթը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և նաև ԱԺ-ում դրվել է շրջանառության մեջ։ Դիտարկմանը, թե օրենքի ընդունումից հետո պետք է վեց ամիս անցնի, նոր անցկացվեն արտահերթ ընտրութուններ, Բադասյանը պատասխանեց, որ այդ վեց ամիս ժամկետը նրա համար է, որ քաղաքական ուժերը պատրաստվեն նոր ընտրակարգին, խաղի նոր կանոններին, սակայն այս դեպքում քաղաքական ուժերի միջև կա կոնսենսուս ընտրական նոր օրենսգրքի շուրջ և քաղաքական ուժերը մեծամասամբ պատրաստ են նոր օրենսգրքով մասնակցել ընտրություններին։ Ըստ Բադասյանի, նոր օրենսգիրքը տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ։ Հստակ ժամկետների մասին նախարարը չնշեց՝ ասելով, որ ավելի ճիշտ կլինի այդ մասին հարցնել ԱԺ՝ իր գործընկերներից։

Թե կոնկրետ ե՞րբ վարչապետը հրաժարական կտա, Բադասյանն ասաց, որ ինքը տեղյակ չի, քանի որ կուսակցության վարչության անդամ չի և նման տեղեկատվության չի տիրապետում։ Թե ու՞մ դեմքով է գործող իշխանությունը մասնակցելու արտահերթ ընտրություններին, Բադասյանն ասաց, որ դա ակնհայտ է։ Չնայած, որ ինքը նման քննարկումների չի մասնակցել, սակայն պարզ է, որ դա լինելու է Նիկոլ Փաշինյանը։