Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 զոհ, 20-ից ավել վիրավոր․ մանրամասներ Սյունիքի ողբերգական վթարից

2 զոհ, 20-ից ավել վիրավոր․ մանրամասներ Սյունիքի ողբերգական վթարից
Հասարակություն
19:04, 27 апрель 2024
Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերր նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի և Աղվանի հենակետի փրկարարնները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները, պարեկները ու քաղաքացիները։

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է մահացածների թիվը ավելին է։