Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ սենատի հանձնաժողովի հայտարարությանը կհետևեն նաև այլ երկրներ, հնարավոր է գործողություններ լինեն. քաղաքագետ

Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ սենատի հանձնաժողովի հայտարարությանը կհետևեն նաև այլ երկրներ, հնարավոր է գործողություններ լինեն. քաղաքագետ
Քաղաքականություն
14:08, 12 май 2023
«Ադրբեջանը, հարձակվելով Սոթքի ուղղությամբ, և՛ տնտեսական խնդիրներ է փորձում ստեղծել Հայաստանի համար՝ կանգնեցնելով Սոթքի ոսկու հանքի աշխատանքը, և՛ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի սպասվող բանակցություններից առաջ ավելի ամուր դիրքեր ունենա։  Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է կտրուկ գործողությունների, եթե Հայաստանն ու միջազգային հանրությունը շարունակեն իրեն ստիպել որոշ հարցերում զիջումների գնալ»,- Civic.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ խոսելով երեկ վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի ուղղությամբ իրականացվող Ադրբեջանի սադրանքներից։ 

Երկու օրից Բրյուսելում հանդիպելու են ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, երկու կողմերն էլ հաստատել են առաջիկա բանակցություններին իրենց մասնակցությունը։ Սակայն Հայաստանի վարչապետն արդեն իսկ շեշտել է, որ մայիսի 14-ին կայանալիք հանդիպման ժամանակ Խաղաղության պայմանագրի կնքումը շատ քիչ է հավանական, քանի որ դրույթներ կան, որոնք վերջնական մշակված չեն։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ոչ միայն Բրյուսելում է անհավանական Խաղաղության պայմանագրի կնքումը, այլև ընդհանրապես տեսանելի ապագայում: «Բրյուսելի հանդիպումից հետո պետք է սպասենք հերթական հանդիպմանը և կողմերի միջև ԱՄՆ-ում ձեռք բերված որոշ առաջընթացը զարգացնելու միտումների, որոնք կարող են վերաբերել որոշ հումանիտար խնդիրների լուծումներին»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանի պահվածքը սկսում է զայրացնել արդեն որոշ կողմերին. «Մենք տեսանք ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը, որտեղ խոսում են Ադրբեջանի բարձրաստիճան անձանց նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ ծավալելու մասին։ Եվ այս հայտարարությանը հետևելու են նաև փոքր ուժային կենտրոնների՝ այլ երկրների նմանատիպ հայտարարություններ, և հնարավոր է նաև գործողություններ լինեն»։

Հարցին՝ Ադրբեջանը բանակցություններից առաջ հերթական իր այս սադրանքով կարո՞ղ է ճնշել Հայաստանի իշխանությանը և զիջումներ կորզել, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Ընդհակառակը, այստեղ ամեն ինչ հանգում է նրան, թե սադրանքը ի՞նչ նպատակներ ուներ, և արդյոք իրացվեցի՞ն այդ նպատակները և ինչպե՞ս իրացվեցին։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանի հակահարվածը բավականին ուժգին է եղել, և ադրբեջանական կողմից զոհ է արձանագրվել՝ ի տարբերություն հայկական կողմի։ Այսինքն՝ Հայաստանը որոշակի առավելություն է ձեռք բերել, իսկ այդ առավելությունը Հայաստանին տրամադրելու է ավելի ճկուն ու կոշտ լինել բանակցություններին»: Քաղաքագետն ընդգծեց, որ  Ադրբեջանի կողմից շատ հնարավոր է թե՛ մինչև առաջիկա բանակցությունները, թե՛ դրանից հետո շարունակվեն սադրանքները, այդ թվում՝ Հայաստանի պետական սահմանի նաև այլ ուղղություններով: «Ուղղակի Հայաստանը պետք է պատրաստ լինի դրանց թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով»,- ասաց նա։  

Հարցին՝ ԵՄ դիտորդներն այս պարագայում ի՞նչ օգուտ են տալիս Հայաստանին, քաղաքագետն արձագանքեց. «ԵՄ դիտորդներն ուղղակի կարողանում են իրենց գործառույթների շրջանակներում տեղեկատվություն ուղարկել Եվրոպական միությանը և անդամ երկրներին, ինչը համապատասխանում է Հայաստանի շահին, և Հայաստանը մի փոքր ավելի քիչ կարող է կենտրոնանալ այդ տեղեկատվությունը հասցնելու գործառույթի վրա և ավելի շատ կենտրոնանալ այլ խնդիրների վրա»։   

Մայիս ամսին և՛ Բրյուսելում, և՛ Մոլդովայում, և՛ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ կարևոր չէ, թե որ երկրում են ընթանում բանակցությունները, քանի որ նույն հարցի շուրջ են քննարկումները։

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք չկա՞ որևէ տարբերություն, թե որ երկրում են ընթանում բանակցությունները։
«Բանակցությունների ընդհանուր իմաստը, այո, նույնն է։ Այստեղ տարբերությունը տարբեր կենտրոնների կողմից սեփական շահերը ներառելու մեջ է։ Իհարկե, Ռուսաստանը փորձում է սեփական ազդեցությունն ամրապնդել, սեփական մոտեցումներն ամրագրել այն հիմնական փաստաթղթում, որը հնարավոր է լինի ինչ-որ ժամանակ հետո, իսկ ԱՄՆ-ն փորձում է իր շահերն ամրագրել։ Բայց այստեղ էական չէ, թե ում շահն ինչ է, այստեղ հարցն այն է, որ ընդհանուր գործընթացը մեկ ուղղությամբ է ընթանում, և ամենակարևոր հարցն էլ այդ ենթատեքստում այն է, որ այդ ընդհանուր գործընթացը այս պահին պետք է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, թե՛ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին և մնացած բոլոր դերակատարներին»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։ 

Նարա Մարտիրոսյան