Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները
Քաղաքականություն / Իրավունք
21:59, 13 июнь 2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Նախարարը, կորևորելով ԵԽ հետ համագործակցությունը, նշել է, որ ԵԽ-ի հիմնասյուները հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը հեղափոխությունից հետո Կառավարության կողմից հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային և բացարձակ ուղնիշներ: Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել 2020-2022 թթ. ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, Լաչինի միջանցքի շրջափակման և տարածաշրջանային իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ տիկին Պեյչինովիչի կողմից արված հայտարարությունների համար:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵԽ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է եղել Կառավարության բարեփոխումների լայնածավալ օրակարգում և ըստ էության անդրադարձել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին:

Միաժամանակ, նախարարը կարևորվել է ՀՀ-ԵԽ նոր 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով համատեղ շարունակական աշխատանքների իրականացումն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները, ՄԻԵԴ վճիռների կատարումը, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները և այլն: «Կողմերը քննարկել են նաև Արդարադատության նախարարության և ԵԽ մարմինների ու կոմիտեների հետ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես, քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում: Հատուկ անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին:

Տիկին Պեյչինովիչը բարձր է գնահատել Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների լույսի ներքո կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ինչի արդյունքում Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից: Քննարկել են նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցությունը: Նախանշվել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, ինչպես նաև ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ։