Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ պարտադրում են, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները 3-րդ երկրում՝ միջազգային դիտորդների առկայությամբ չլինեն, քանի որ ռուսական կողմին ձեռնտու չէ․ մենք չենք գնում այդ բանակցություններին, քանի որ մեր ԱԺ-ում բոլորը ռուսահպատակ են․ արցախցի գործիչ

Մեզ պարտադրում են, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները 3-րդ երկրում՝ միջազգային դիտորդների առկայությամբ  չլինեն, քանի որ ռուսական կողմին  ձեռնտու չէ․ մենք չենք գնում այդ բանակցություններին, քանի որ մեր ԱԺ-ում բոլորը ռուսահպատակ են․ արցախցի գործիչ
Քաղաքականություն
20:25, 04 июль 2023
Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանը, ինչպես հայտնի է, Արցախում Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար և անվտանգային ծայրահեղ իրավիճակի հարցով  դիմել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համապատասխան նամակի միջոցով։ Որ խաղաղապահ զորակազմը բացահայտ սաբոտաժով է զբաղված և կրավորական կեցվածք է որդեգրել Ադրբեջանի սանձարձակ պահվածքի նկատմամբ, որոշ դեպքերում էլ՝ գործում է այդ երկրի հետ համաձայնեցված, արդեն ապացուցման կարիք չունի։ Երկուսուկես տարվա ընթացքում այդ առաքելությունն այնքան է հեղինակազրկվել ու ապացուցել իր ոչ կոմպետենտությունը, որ հայկական կողմերն արդեն իմունիտետ են ձեռք բերել ՝ այլևս գործուն քայլեր չակնկալելով  «խաղաղապահ անգործություն» իրականացնող սուբյեկտից։  Նշենք, որ ռուս խաղաղապահների մանդատի փաստաթղթում, որը Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 44-օրյա պատերազմից հետո՝  2020-ի նոյեմբերի 21-ին, նշված է՝ ղարաբաղյան շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տարանցումը, միջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումները, մշտադիտարկի հրադադարի ռեժիմը, արձագանքի ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, պատասխանատվության գոտում հակազդի անկարգություններին, նպաստի Ղարաբաղում լիարժեք կյանքին, պաշտպանի կենսական նշանակության օբյեկտները և այլն։ 

Հունիսի 27-ին Արցախում տեղի ունեցած՝ չորս հայ զինվորի կյանք խլած ադրբեջանական ռազմական սադրանքը հերթական ապացույցն է, որ խաղաղապահներն ի զորու չեն երաշխավորել ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ արցախցիների ֆիզիկական անվտանգությունը։  

«Արցախի հեղափոխական կուսակցության» առաջնորդ Արթուր Օսիպյանը, անդրադառնալով ադրբեջանական վերջին պրովոկացիային, նշում է՝ դրանում խառն է ռուսական կողմի մատը։ Քանի որ, ըստ Օսիպյանի, այլևս ակնհայտ է,  որ բանակցությունները ռուսական հարթակից  տեղափոխվել են արևմտյան հարթակ, այդ իսկ պատճառով ՌԴ-ն ամեն ինչ անում է՝ արևմտյան հովանու ներքո ընթացող բանակցությունները սաբոտաժի ենթարկելու  համար։  Ըստ արցախցի գործչի՝ Ադրբեջանը, թեև այդ երկրի ղեկավարի հոխորտանքներին, լայնամասշտաբ պատերազմ  սկսելու ռիսկ չի անի, և դա՝ շնորհիվ Արևմուտքի ճնշման։

«Սակայն չի բացառվում, որ Ադրբեջանը ՌԴ-ի հետ պայմանավորված, փոքրամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնի՝ ճնշումներ բանեցնելու Արցախի վրա։ «Օրեր առաջ տեղի ունեցած ռազմական օպերացիան էլ, որի հետևանքով զոհեր ունեցանք, հենց ՌԴ-Ադրբեջան պայմանավորվածության հետևանք է։ Փաստորեն,  ինչ ենք տեսնում․ բանակցությունների դաշտը Մոսկվայից տեղափոխվել է Արևմուտք, Մոսկվայում Ալիև-Փաշինյան հանդիպումը տևում է 20 րոպե, իսկ Արևմուտքում գնում, օրերով բանակցում են։ Սա նշանակում է՝ ՌԴ-ին այս դաշտից հանում են։ Իսկ ՌԴ-ն ի՞նչ պետք է անի, իր շահերից ելնելով պետք է սաբոտաժի ենթարկի այդ բանակցությունները։ Այդ օրը, երբ ունեցանք զոհեր, ռուսներն իրենք են պրովոկացիա արել, որ Ադրբեջանը ռազմական ուժ կիրառի, որպեսզի մեր ԱԺ-ն էլ տեղեկատվական առիթ ունենա՝ հայտարարություն տարածելու համար, (որում կոչ էր արվում դադարեցնել ԱՄՆ-ում ընթացող բանակցությունները՝ մինչև սահմանին տիրի կայունություն-խմբ․)»,- ենթադրում է  Օսիպյանը։

Բացի այդ,  ըստ արցախցի գործչի, ակնհայտ է, որ ռուսական ճնշման ներքո Արցախի ԱԺ-ն ամեն ինչ անում է՝ արևմտյան հարթակի առաջարկներից հրաժարվելու համար։ «Օրինակ, մեզ պարտադրում են, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները երրորդ երկրում՝ միջազգային դիտորդների առկայությամբ  չլինեն, քանի որ ռուսական կողմին սա ձեռք չի տալիս։ Մենք չենք գնում այդ բանակցություններին, քանի որ մեր ԱԺ-ում բոլորը ռուսահպատակ են»,- նկատում է Օսիպյանը։

Նրա  խոսքով՝ ԱԺ-ի՝ ՌԴ-ի «դուդուկի տակ պարող» կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, ԱԺԿ-ն և Վիտալի Բալասանյանի կողմից հովանավորվող «Արդարություն»-ը անցել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կառավարման ներքո, «Ազատ Հայրենիք»-ն էլ առաջնորդվում է   «նայած հանգամանքներին» սկզբունքով և երբ պետք է՝ անցնում է այս եռյակի կողմն ու «Միասնական Հայրենիք»-ի դեմ քայլեր անում, իսկ երբ պետք է՝ գործակցում է վերջինիս հետ։  

«Մենք որևէ սպասելիք չպետք է ունենանք Ռուբեն Վարդանյանից։ Նա լավ կենացներ է ասում, որոնք ժողովրդին գուցե ոգևորում են։ Բայց նա ուրիշ ոչ մի բան՝ ռեալ քաղաքական քայլ,  չի անելու։ Բնական է, հո ԱՄՆ-ի հետ չե՞նք խոսելու, մեր զրույցը ՌԴ-ի հետ է և Ռ․Վարդանյանը  ՌԴ-ին «պակլոն» տալուց բացի ուրիշ բան չի անելու»,- նշում է Օսիպյանն ու հավելում․ «Ինչ վերաբերում է «Միասնական հայրենիք»-ի լիդեր Սամվել Բաբայանի վերջին հայտարարությանը, թե պետք է գնանք բանակցությունների․ նա  միջազգային մեխանիզմների մասին  ընդհանրապես չի խոսում,  այլ՝ փոխվստահության մթնոլորտի մասին։ Հիմա հարց՝ էդ ի՞նչ եք գնում հանձնեք։ Եթե Արցախը ուզում է փոխվստահության հասնի, մի զիջման պիտի գնա՞, թե՝ չէ։ Թե ձեզ թվում է, որ եթե «Միասնական Հայրենիք»-ի լիդերը Սամվել Բաբայանն է, նա հենց գնա բանակցությունների,  Ալիևը միանգամից դեմը չոքելու է։ Ու անընդհատ խոսելով բանակցությունների կարևորության մասին՝ Արևմուտքի առաջարկով բանակցությունների, որտեղ մեզ մարդու տեղ են դնում, և որպես վեճի  կողմ ենք գնալու մասնակցեք, ոչ թե՝ անկախ պետություն,(սրանից ավելի այս պահին որևէ բան անել չենք կարողանալու, և եթե դրան կարողանանք հասնել, լինելու է ամենամեծ արդյունքը)։ Եթե Սամվել Բաբայանը անընդհատ խոսում է փոխվստահության մասին, ապա հարց՝ 9 դեպուտատ ունի, ինչո՞ւ այդ 9-ից մեկը չի հայտարարում, թե կոնկրետ ինչ է անելու, որպեսզի  բանակցությունների ժամանակ լինի այդ փոխվստահությունը։ Թող այդ 9 դեպուտատից մեկը խոսի, որ հասկանանք։ Իրականում, սակայն, Սամվել Բաբայանը նստած սպասում է, որ իրավիճակը վատանա և իշխանությունը զավթի։ Բայց այդ՝ զավթելն էլ չի լինելու, այդ հեքիաթից էլ պետք է ձեռք քաշել և անցնել համաժողովրդական ինքնակազմակերպման»,- նշում է Օսիպյանը և համախմբման կոչ անում՝ «կա՛մ ինքնակազմակերպվում ենք կոնկրետ ու հստակ ծրագրի շուրջ, կամ էլ դառնալու ենք թուրքի փիսիկ»։ 

Նշենք, որ ձևավորվել է «Միջանցքի ապաշրջափակման օպերատիվ շտաբի նախաձեռնող խումբ»։   

Օրերս նախաձեռնող խումբը  դիմել էր  ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին՝ հանդիպման և միջանցքի ապաբլոկավորման շուրջ բանակցելու։   Շտաբը, ըստ նախապես հայտարարվածի, պետք է   հայտարարություն տարածի առաջիկա անելիքների մասին։  



Ե․Ա․