Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասնել ու անցնե՞լ Միշիկին․ ինչո՞ւ է ստում Սերժ Սարգսյանը

Հասնել ու անցնե՞լ Միշիկին․ ինչո՞ւ է ստում Սերժ Սարգսյանը
Քաղաքականություն
12:58, 17 июнь 2021
Տպավորություն է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ընտանեկան կապերի միջոցով կոտրել է իր փեսա, մեդիատեռորի գլխավոր հովանավոր Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջը և այնտեղից «սենսացիոն» տեղեկություններ է «ցրում»՝ փեսայից առաջ հրապարկելու համար։ Ու ամեն անգամ հայտնվում էլ ավելի խայտառակ վիճակում։ 

Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի մասին «գաղտնի սենսացիոն» տեղեկություն հրապարակելուց հետո Սերժ Սարգսյանը երեկ անհետ կորածների թիվ է հրապարակել՝ չզլանալով շահարկել նրանց հարազատների վիշտը։ «8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել։ Ամբողջ խնդիրն այն է, որ վերջնական չիմանալուց բացի, սրանք ամեն ինչ կեղծում են։ Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»,- հայտարարել է Սարգսյանը՝ առանց փորձ անելու պարզել՝ իրականությանը համապատասխանում է այդ թիվը, թե ոչ։

Սերժ Սարգսյանի հրապարակած թիվը երեկ հերքել են թե՛ պաշտոնական աղբյուրները, թե՛ անգամ Զինծառայողների ապահովագրության հիմնդրամի նախկին ղեկավար, ընդդիմության շարքերն անցած Վարուժան Ավետիքյանը։  

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։

«Քրեական վարույթի շրջանակներում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։ Ըստ այդմ՝ անհետ կորած զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը»,- գրել է ՔԿ-ն։

Իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «․․․Գալով 1064 թվին: Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ, այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտնաբերվել են: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշտապես հանրությանը տեղեկացրել է իր կատարած հատուցումների մասին ու եղել է, կա ու կմնա թափանցիկ ու հաշվետու»։

Առնվազն անհասկանալի է՝ փաստերի ստուգման նման անկարողությամբ ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը 10 տարի ղեկավարել Հայաստանը։ 

Մարինե Խառատյան