Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ինձ առաջարկվի պաշտոնավարությունը շարունակել՝ մեծ սիրով կընդունեմ առաջարկը․ իմ նախասիրությունն իհարկե գործադիրում է․ Անահիտ Ավանեսյան․ Տեսանյութ

Եթե ինձ առաջարկվի պաշտոնավարությունը շարունակել՝ մեծ սիրով կընդունեմ առաջարկը․ իմ նախասիրությունն իհարկե գործադիրում է․ Անահիտ Ավանեսյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:46, 24 июнь 2021
«Եթե ինձ առաջարկվի պաշտոնավարությունը շարունակել՝ մեծ սիրով կընդունեմ առաջարկը։ Իմ նախասիրությունն իհարկե գործադիրում է, որովհետև ունենք բազմաթիվ արդեն իսկ սկսված ծրագրեր, բավականին հավակնոտ նախընտրական ծրագիր, որը կվերածվի նաև կառավարության ծրագրի և ես իմ ամբողջ ուժը, պոտենցիալը, էներգիան պատկերացնում եմ, որ լավագույնս կծառայի այդ ծրագրերն իրականացնելուն»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ 
    
Լրագրողների այն հարցին, թե Մարտունիի դիահերձարանում զինվորների դիերի ու մասունքների պահման պայմաններն ինչպիսին են, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մի շարք աշխատանքային այցեր իրականացվել են բոլոր դատաբժշկական կենտրոններ և դա իր անմիջական վերահսկողության ներքո է։ 

«Շաբաթական որոշակի փոփոխությունների հետ կապված ընդունում եմ հաշվետվություններ։ Առաջիկայում հանդես կգանք նաև  մեր հետագա պատկերացումները այս իրավիճակից դուրս գալու և  մեր զինվորների, մեր հերոսների դիերը հողին հանձնելու, հուղարկավորելու միասնական մոտեցում, պաշտպանության նախարարաության, կառավարության մեր մյուս գործընկերների հետ միասին։ Ես պատկերացնում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում մենք մեր տեսակետը կներկայացնենք և հույս ունեմ, որ պիտի այս փուլը ևս անցնենք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Խոսելով նաև «Քովիդի» դեմ պատվաստանյութերի ու պատվաստումների մասին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ներմուծվել է 100 000 խմբաքանակ, որը նախատեսված է 50 000 հոգու համար։  

Նա նաև նշեց, որ բոլոր պատվաստանյութերը «Քովիդի» դեմ բացի «Ջոնսոն» ընկերության պատվաստանյութից, իրականացվում է երկու դեղաչափով։ 

«Մենք այսօր արդեն պատվաստումների ցուցանիշի 70 000-ը կանցնենք։ Ընտրություններից հետո, անգամ այս երկու օրը  տեմպի բավականին մեծացում ենք նկատում։ Ես նախորդիվ էլ ասել էի, որ նախընտրական լարված իրավիճակով պայմանավորված իհարկե մարդկանց առաջնահերթությունները փոփոխվել էր։ Ես հույս ունեմ որ առաջիկայում մենք պիտի արձանագրենք պատվաստումների  ցուցանիշի աճ և ամեն ինչ անելու ենք այդ ցուցանիշն ապահովելու համար։ Որովհետև այո,՛ այս պահին մենք ունենք բավականին լավ իրավիճակ՝ «Քովիդով» պայմանավորված, բայց այս իրավիճակը պահպանելու և ի վերջո վերջակետ դնելու համավարակին, միայն պատվաստանյութն է, որ մեզ պիտի օգնի այդ հարցում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։