Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած արցախցիների մերժմանը, Բաքվից պնդում են՝ միևնույն է ալյուրը հասցնելու են Արցախ

Չնայած արցախցիների մերժմանը, Բաքվից պնդում են՝ միևնույն է ալյուրը հասցնելու են Արցախ
Քաղաքականություն
19:27, 01 сентябрь 2023
Չնայած արցախցիները մերժում են Աղդամով ադրբեջանական օգնությունը, Բաքվից պնդում են՝ միևնույն է ալյուրը հասցնելու են Արցախ։
Ադրբեջանական Կարմիր մահիկի գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևն այսօր հայտարարել է, որ 40 տոննա ալյուրը Ստեփանակերտ հասցնելու հարցով բանակցությունները շարունակվում են, ադրբեջանական կողմը սպասում է պատասխանի։ Թե ում հետ են բանակցում, և ումից են պատասխան սպասում, Միրզոևը չի հստակեցրել․ գրում է azatutyun.am-ը։

«Արդեն չորս օր է՝ Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհին ենք, բանակցությունները շարունակվում են։ Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչև մեր բեռները հասնեն հայ բնակիչներին», - ասել է նա։

Մինչ ադրբեջանցիները բանակցում են, Ասկերանի ճանապարհին արդեն 3-րդ օրը 24 ժամ հերթապահություն իրականացնող արցախցիները հակադարձում են՝ շարունակելու են փակ պահել ճանապարհը այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները իրենց ալյուրով հանդերձ չեն հեռացել։ Արցախցիները կտրականապես մերժում են Ադրբեջանից որևէ սննդամթերքի ներկրում, ինչպես նաև Աղդամի ճանապարհի գործարկումը՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը. - «Չպիտի թուրքը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործի, իբր իրենք մեր մասին մտածում են, իբր բարեգործություն են անում, հումանիտար բեռ են տեղափոխում, մենք իրենց կարիքը չունենք»։

«Մեզ ոչ օգնություն է պետք իրենցից, մանավանդ այս ծանր իրավիճակում թող տեսնեն բոլորը, որ մենք այս ծանր իրավիճակում էլ կարում ենք պայքարենք, մեզ պետք չի իրենց ալյուրն էլ, ինչ սնունդ էլ լինի, պետք չի», - հավելեց մյուսը։

Ասկերանի ճանապարհին հավաքված մարդիկ վստահ են, եթե ռուս խաղաղապահները ցանկանան, կբացեն Լաչինի ճանապարհը, ինչպես, օրինակ, այժմ թույլ չեն տալիս, որ ադրբեջանական 2 բեռնատարները մտնեն Ասկերան։

«Եթե Բերձորի ճանապարհը կալիդորը փակ է հիմա, ռուսը չի կարում պահի, Ադրբեջանը փակել է, բայց այստեղ այդ նույն հաջողությամբ եկել է, որ մտնի, ռուսը փակում է, էդ ո՞նց հասկանանք, ռուսը ստեղ կարում է փակի, էնդեղ չի՞ կարում բացի», - հարցնում են արցախցիները։

Դեռ օգոտսոտի 29-ից Ասկերանի ճանապարհին բողոքի ակցիա անող արցախցի Հերմինե Խաչատրյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ գիշերը հանգիստ է անցել, ադրբեջանական կողմում ակտիվություն չեն նկատել. - «Իրանց կողմից ոչ մեկը չենք թողել մտնի, այստեղ խաղաղ է, մեր տղաներն են հերթապահություն կատարում։ Ոչ մի բան չկա, լռություն է, հանգիստ է։ {Մնալու ենք}, մինչև մենք մեր նպատակին հասնենք, որ էդտեղից թողնեն, իրենց մեքենաներն, իրենց զիբիլը հավաքեն, գնան, մինչև կառավարությունն էլ մի բան անի մեզ համար, մի օգուտ բերի մեզ»։