Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիք է. Ռուբինյան

Տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիք է. Ռուբինյան
Քաղաքականություն
17:34, 05 сентябрь 2023
«Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիք է, չկա որևէ փաստ դրա մասին վկայող և չի կարող լինել որևէ արժանահավատ վերլուծություն»:

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության երթում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Նա նկատել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն միշտ դուրս է դրել աշխարհաքաղաքական բախումներից, դա եղել է և՛ 2018-ից առաջ, և՛ հետո: Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է:

Ռուբինյանը նաև ասել է՝ սխալ պնդում է, թե Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությունը գերադասել է ՀԱՊԿ առաքելությունից:

«ԵՄ դիտորդների ժամանելու վերաբերյալ որոշումը կայացվել է 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ, և այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահների թեմա գոյություն չուներ: Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն եկել և գնացել էր: Այսինքն՝ մեր առջև երբեք դրված չի եղել ընտրություն՝ ընտրել ԵՄ, կամ ՀԱՊԿ դիտորդների: ՀԱՊԿ դիտորդների թեման բացվել է դրանից հետո, և ՀԱՊԿ առաքելությունը նույնպես չի մերժվել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երբ տեղի է ունեցել Հայաստանի վրա հարձակում, Հայաստանը արդարացիորեն ակնկալել է 2 բան, որ կֆիքսվի, որ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակում է տեղի ունեցել, երկրորդը՝ դա կդատապարտվի, և լավ կլիներ, որ աջակցություն էլ լիներ. իմ նշած 3 կետերից ոչ մեկը տեղի չի ունեցել»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով այն պնդումներին, թե պրահյան հանդիպումը պետք էր չեղարկել՝ Ռուբինյանն արձագանքել է. «Պրահյան հանդիպման ընթացքում ի՞նչ է եղել, որ պետք է չեղարկել: Այդ պնդումը անում է ընդդիմությունը, այդ պնդումը արել է նաև ՌԴ ԱԳՆ-ն, թե իբր Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն արդյունք է Պրահայում տեղի ունեցած պայմանավորվածության, և նույնն էլ ասում է ընդդիմությունը: Պրահայում այն բանից հետո, երբ սեպտեմբերին տեղի էր ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումը, որը չէր դատապարտվել անգամ ՀԱՊԿ-ի կողմից, դրանից հետո Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Պրահայում արել են ընդամենը մեկ բան, որը նոր բան չէ, վերահաստատել են, որ կողմերը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»:

Ըստ Ռուբինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին վերահաստատվել է այն, ինչ տեղի է ունեցել 1991 թվականին, և դրան միացել և ստորագրել են և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը. «Հետևաբար հոկտեմբերին վերահաստատված բանը, որը տեղի էր ունեցել 30 տարի առաջ, չէր կարող լիներ պատրվակ նոյեմբերի 9-ի հայտարարության ամրագրված պարտականությունների չկատարման համար»: