Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 14.00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հատել են ՀՀ սահմանը, կազմում է 70.500 անձ. Նազելի Բաղդասարյան

«Ժամը 14.00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հատել են ՀՀ սահմանը, կազմում է 70.500 անձ։ Նրանցից 50.866-ը հաշվառված է»,- այս մասին այսօր, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը, ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ ողջ գիշերվա ընթացքում բոլորն աշխատել են, ինտենսիվությունը չի նվազել, և շարունակում են ժամում 1000 անձի սպասարկել, ուղղորդել և նրանց հաշվառումն իրականացնել։

«Ցանկանում եմ մեկ կարևոր տեղեկատվության վրա շեշտադրում անել։ Կարծում եմ՝ շատերս տեղյակ ենք, որ Ստեփանակերտում կան քաղաքացիներ, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ, և նրանց փոխադրման հարցը այս պահի դրությամբ դեռ բաց է մնում։ Բայց ինչպես այսօր կառավարության նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նաև համակարգում է «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները, ներկայացրեց, կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քայլեր է ձեռնարկում, և այս պահին Գորիսում շուրջ 35 մեծ ավտոբուսներ տեղակայված են: Մենք հետևում ենք ընթացքին, որ երբ երթևեկության ինտենսիվությունը թեթևանա, կարողանան հետադարձ ուղղությամբ մեկնել Ստեփանակերտ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նա տեղեկացրեց, որ արդեն որոշակի պայմանավորվածություն կա մեկնման գործընթացի ընթացքում, և ԼՂ-ից տեղահանված այն բնակիչները, որոնք կցանկանան տեղափոխվել Հայաստան, այդ գործընթացն իրականացվելու է։ 

Մանրամասները՝ տեսանյութում