Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագարակ-Քաջարանը շատ կարևոր տրանզիտային ճանապարհ է դառնալու՝ Հնդկաստանի բեռները գալու են Պարսից ծոց, հետո գալու են մեր մոտով, Վրաստանով գնան Եվրոպա. Գրիգոր Հարությունյան

Ագարակ-Քաջարանը  շատ կարևոր տրանզիտային ճանապարհ է դառնալու՝ Հնդկաստանի բեռները գալու են Պարսից ծոց, հետո գալու են մեր մոտով, Վրաստանով գնան Եվրոպա. Գրիգոր Հարությունյան
Հայաստան
19:00, 24 октябрь 2023
Երեկ Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեց «Հյուսիս-Հարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթուղթ՝ Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը։

Նշենք, որ  Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանի ձոր նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։

 Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Մեղրիում բնակվող ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ։

Վերջինս նշեց, որ այդ ծրագիրը շատ կարևոր է մեր երկրի անվտանգության, Սյունիքի անվտանգության համար։

«Այդ ճանապարհը լուրջ տրանզիտային ճանապարհ է դառնալու։ Հնդկաստանի բեռները գալու են Պարսից ծոց, հետո գալու են մեր մոտով, Վրաստանով գնան Եվրոպա։ Դա շատ մեծ բան է։ Այդ ճանապարհը որ լինի, անվտանգության հարցն է լուծվում. Պարսկաստանը երբեք թույլ չի տա, որ որևիցե մեկն այդ ճանապարհը փակի»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Մեր զրուցակիցը պատահական չի համարում, որ այդ փաստաթուղթը ստորագրվեց երեկ, երբ Իրանում ընթանում էր «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը, երբ Ադրբեջանը զորավարժություններ է անում։

Գրիգոր Հարությունյանի խոսքով՝  այս ճանապարհը շատ մեծ տնտեսական հարցեր է լուծում: Նա նշեց, որ Հնդկաստանի ճանապարհները փակ են և չի կարող Պակիստանով, Աֆղանստանով ոչ մի տեղ գնալ, չի ուզում նաև Թուրքիայից և Ադրբեջանից կախման մեջ լինել, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը Պակիստանի դաշնակիցներն են: Եվ հիմա, երբ Հնդկաստանի տնտեսությունը շատ արագ զարգանում է, պիտի դուրս գա եվրոպական շուկա։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ իրենք Իրանում ինչ-որ նավահանգիստ են վարձակալել կամ պայմանավորվել են պարսիկների հետ, իրենց բեռները բերելու են Պարսից ծոց՝ Բանդարաբասի հատված, այնտեղից էլ ավտոտրանսպորտով մտնելու են Սև ծով։ Դա հսկայական նախագիծ է: Ինձ թվում է՝ դա նաև Ամերիկայի հովանավորությամբ է արվում. Չինաստանի բոլոր ճանապարհները փակում են բոլոր տեղերից։ Այս ռուս-ուկրաինական պատերազմը նաև Չինաստանի դեմ է։ Փակել են այդ ճանապարհը, Ռուսաստանով չեն կարողանում գնալ, Միջին Ասիայով, Ղազախստանով, Ադրբեջանով, մեր մոտով ուզում են անցնել դեպի Եվրոպա, Արևմուտքն էլ, ըստ երևույթին, Չինաստանի այդ ճանապարհն էլ է փակում, և Հնդկաստանն է հզորանում, և  ինձ թվում է՝ գնում են Հնդկաստանի հզորացմանը. հակակշիռ է Չինաստանին»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ Ագարակից Քաջարան 48 կմ է, այս թունելով դառնում է մոտավորապես 40 կմ, Վարդենյաց լեռնանցքը 2535 մետր է, Անդրկովկասի ամենաբարձր լեռնանցքն է, այնտեղ ձմռանը ճանապարհն անանցանելի է դառնում, վթարներ են լինում, թեքությունները բարձր են, ընդհանրապես Մեղրիի միջով էլ ճանապարհը նույնպես դժվարանցանելի է: Ժամանակի տեսանկյունից՝ եթե Ագարակից Քաջարան մարդատար ավտոմեքենան գնում է մոտ երկու ժամ, այս պայմաններում դա կտևի կես ժամ։ 

«Դրանից հետո պետք է կառուցվի Քաջարանից Սիսիան 8 կիլոմետրանոց թունելը։ Այ դա արդեն լրիվ կրճատում է, և Ագարակից Երևան մարդատար ավտոմեքենան կգնա մոտավորապես 4 ժամում։ Բեռնատարներն էլ ավելի արագ կանցնեն»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։         
Խոսելով նաև պայմանագրի ստորագրումից հետո Մեղրիում տիրող տրամադրությունների մասին՝ ՀԺԿ փոխնախագահն ասաց, որ մինչև պայմանագրի ստորագրումը մարդիկ թերահավատ էին, որ այդ ճանապարհը կկառուցվի, ինքն էլ հորդորում էր չանհանգստանալ, քանի որ վստահ էր, որ այդ ճանապարհը կառուցվելու է։

«Արդեն տվել են նաև փոխհատուցումը։ Նոր կառուցվող ճանապարհի վրա կան սեփականաշնորհված  հողատարածքներ, այգիներ, և քանի որ այդ այգիները քանդվելու են, ժողովրդի 90 տոկոսին փոխհատուցումը տվել են ու վատ չեն տվել, ժողովուրդը գոհ է։ Ես էլ այգի ունեմ այդ ճանապարհի վրա, ինձ էլ են փոխհատուցել, բայց նաև մինչև շինարարություն սկսելը թույլատրել են, որ մարդիկ մշակեն»,- եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։ 

Լիլիթ Թադևոսյան