Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները կիրականացնի արտասահմանյան ընկերություն

«Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները կիրականացնի արտասահմանյան ընկերություն
Հայաստան
11:45, 26 октябрь 2023
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների և ծառայությունների համար գնման գործընթացը լինելու է մեկ անձինց։

Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով է կազմակերպվում, որպեսզի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները (որոնց հաջող իրականացումը որոշիչ է ծրագրի իրականացման համար) հնարավոր լինի իրականացնել միջազգային բարձր վարկանիշ ունեցող ընկերության կողմից, որն ունի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ և աննախադեպ փորձ։

Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում Գերմանիայի օրենքների համաձայն հիմնադրված և գործող «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության փորձը, հեղինակությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող տրանսֆորմեր համերգասրահի կառուցման բացառիկ հեղինակային իրավունքը՝ նպատակահարմար է համարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրել այս ընկերությանը, որն իր ծառայությունների մատուցման շրջանակներում համագործակցելու է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ։

Ծրագրի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ ելակետային տվյալների և այլ նյութերի ու տեղեկատվության տրամադրման աշխատանքները նպատակահարմար է համարվել պատվիրել Համալսարանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համալսարանը համապատասխան ճարտարապետաշինարարական կրթություն առաջարկող միակ հաստատությունն է և կապահովի ուսանողներին Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու բացառիկ հնարավորություն։