Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՞րբ կավարտվի Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը. նախարարի շրջայցը շինհրապարակ

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում էր ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային շրջայց կատարեց հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից Թալին հատված։ 

Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հայաստանի Եվրաինտեգրման հեռանկարը։ Դե ի՞նչ ԵՄ՝ առանց համապատասխան ենթակառուցվածքների։ 

Նախարարը ծանոթացավ ճանապարհի՝ Աշտարակից-Գյումրի հատվածների շինաշխատանքներին։ Մի տեղում աշխատանքները գրեթե նոր են մեկնարկում՝ կատարվում են հողային աշխատանքներ, մյուսում՝ արդեն ավարտական փուլում են՝ ասֆալտի վերջին շերտն են տեղադրում։

Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանը նշեց, որ Աշտարակից-Գյումրի հատվածում շահագործման է հանձնվել դեռևս միայն Թալինից Լանջիկ հատվածը, մյուս հատվածներում աշխատանքները դեռ շարունակվում են։

Մոտ 20 սմ հաստությամբ ասֆալտբետոնե շերտ է տեդադրվում, ունենալու ենք առաջին կարգի չափանիշներին համապատասխանող ճանապարհ։

Նախարար Սանոսյանն էլ հիշեցրեց, որ Աշտարակից Թալին հատվածներում իրավական խնդիրներ էին առաջացել՝ քրեական գործեր կան հարուցված՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դրվագներով։ Խնդիրները , սակայն, հաղթահարվել են։

Թեև կապալառուները հիմնականում դրսից են՝ հնդկական, ֆրանսիական և չինական ընկերություններ են աշխատանքներն իրականացնում, սակայն ենթակապալառուները հայաստանյան ընկերություններ են՝ իրենց հայ աշխատակիցներով։

Երևանից Գյումրի հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի 2025 թվականին։ Գյումրիի հետ կապված այլ ծրագրեր ևս կան՝ արտոնություններ են տրամադրվելու այն ավիաընկերություններին, որոնք թռիչքներ կիրականացնեն Գյումրիի օդանավակայանից։
Հարավում՝ Սյունիքում մրցույթային գործընթացն ավարտվել է, շահող ընկերությունը հայտնի է, շուտով կսկվի Քաջարանից-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը։

Հյուիս-հարավ ճանապարհը պետք է ամբողջությամբ ավարտվեր դեռևս 2017 թվականին։ 2024 թվականն է դեռ այն պատրաստ չէ։ Ե՞րբ պատրաստ կլինի ամբողջական հյուսիս – հարավ ճանապարհը։ Նախարարը ժամկետներ չկարողացավ նշել։

Որքան կաևոր է սահմանված ժամկետներում ավարտել շինարարություն, նույքան էլ այն որակյալ կատարելն է կարևոր։

Հյուսիս – հարավ Տրանշ 2-ի 34 կիլոմետրանոց  հատվածի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ներկայացուցիչ Պիեր Մորիսը վստահեցրեց, որ աշխատանքներն իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան