Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից զեկույցը չքվեարկելը դեռ չի նշանակում, որ այն հայանպաստ է». ԵԽԽՎ ընդունած բանաձևի նշանակությունն ու հետևանքները թեմայով քննարկում՝ «Մեդիա» կենտրոնում

«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից զեկույցը չքվեարկելը դեռ չի նշանակում, որ այն հայանպաստ է». ԵԽԽՎ ընդունած բանաձևի նշանակությունն ու հետևանքները թեմայով քննարկում՝ «Մեդիա» կենտրոնում
Հայաստան
14:09, 29 сентябрь 2021
Սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը: Այս թեմայով այսօր «Մեդիա» կենտրոնում մեկնարկել է  քննարկում՝ «ԵԽԽՎ ընդունած բանաձևի նշանակությունն ու հետևանքները» թեմայով:

Հիշեցնենք, որ բանաձևը անդրադառնում է զոհերի, վիրավորների, ռազմագերիների, անհետ կորածների, տեղահանված անձանց հարցերին, ինչպես նաև պատերազմական հանցագործություններին: 

Քննարկման բանախոս, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ կփորձի խուսափել ասելուց՝ զեկույցը հայանպա՞ստ էր, թե՞ ադրբեջանանպաստ. «Զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ-ի կողմից, որոնք նման զեկույցներ պատրաստելիս միշտ փորձում են պահել հավասարակշռվածություն: Մենք ի սկզբանե փորձել ենք պայքարել այդ հավասարակշռվածության դեմ, սակայն զեկույցում նշվում է «երկու պետությունների պարտավորություններ», և որ երկու պետություններն էլ այդ պարտավորությունները պիտի կատարեին, բայց չեն կատարում: Իրականում կա շատ կարևոր մի հարց, թե պատերազմն ով էր սկսել»:

Ըստ նրա՝ զեկույցի հեղինակները ունեին շատ կարևոր հղումներ, ովքեր կարող էին անել ու ասել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. «Freedom House-ի հաշվետվությունը կար, էդ երկրի նախագահի հարցազրույցը կար՝ CNN-ով: Բայց նրանք դրան չեն անդրադառնում ու ասում են, որ երկու երկրները պիտի կատարեն իրենց պարտականություններն ու չեն կատարում»:

Պարոն Ամիրյանի խոսքով՝ մյուս կարևորագույն կետը վերաբերում էր վարձկաններին. այդտեղ էլ են փորձում հավասարության նշան դնել, մինչդեռ հայկական կողմն ակնհայտ ապացույցներ ունի: Նա նշեց, որ ողջ պատերազմի ընթացքում միջազգային մամուլը մի քանի ծավալուն հոդվածներ է հրապարակել՝ Թուրքիայի միջամտությամբ և գումարով կռվող զինվորների մասին: Զեկույցը ենթադրում է բանաձև, բանաձևը՝ ինչ-որ պարտավորություններ, որոնք հետո ԵԽ-ն պիտի ստիպի պետություններին կատարել, և այն ինչ-որ հետևանքներ պետք է ունենա: Դրանով է կարևոր, որպեսզի այն լինի օբյեկտիվ ու ճշմարիտ և հետագայում օգտագործվի նույն ԵԽ-ում:

«Օրինակ՝ բնակչության տարածքներ վերադառնալ չկարողանալու հետ կապված հարցերը եթե նշվում էին, ուրեմն պետք է նշվեին ամբողջությամբ և նշվեին այնպես, որ մենք հետագայում կարողանայինք դրանց հղում անելով գտնել լուծում: Ինչո՞ւ չի կարող բնակչությունը վերադառնալ Արցախ: Նշվում է, որ չի կարող, բայց չի նշվում՝ ինչո՞ւ չի կարող»,- ասաց պարոն Ամիրյանը: 

Նա նաև կարևորեց այն փաստը, որ պատերազմը սկսվելուց պահանջ կար, որպեսզի ՄԱԿ-ի մշակութային հատուկ հանձնաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այցելեր Արցախ, և Ադրբեջանը հետևողականորեն դա թույլ չտվեց: Նրա խոսքով՝ այս զեկույցում նշվում է, որ մշակութային արժեքների պահպանման խնդիր կա, սակայն ամբողջ տրամաբանությունը չի տրվում. այն, որ ադրբեջանական կողմն ամիսներ շարունակ թույլ չի տվել նրանց մտնել տարածք, և նպատակը եղել է այն, որ այսօր արդեն հնարավոր չլինի դա, կամ մեր կոթողները  Ադրբեջանի կողմից ներկայացվել են որպես այլ մշակութային կոթողներ: 

«Պետք էր այնպես ձևակերպումը տալ, որպեսզի հետագայում հնարավոր լիներ ինչ-որ սանկցիաներ կիրառել կամ գոնե հնարավոր լիներ աշխարհում ինչ-որ տեղ չունենալ նման իրավիճակ»,- նշեց նա:

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից զեկույցը չքվեարկելուն՝ պարոն Ամիրյանը նշեց, որ դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. օրինակ՝ զեկույցում ինչ-որ բան նրանց սրտով չէր. «Սակայն կարելի է մեկնաբանել նաև, որ նրանց դա չի հետաքրքրում: Դա կարող է նշանակել՝ «միևնույն է՝ անելու ենք այն, ինչ անելու ենք»,  կամ «լավ ենք արել՝ արել ենք»: Այսինքն՝ նրանց չքվեարկելը մեկնաբանել որպես զեկույցի հայանպաստ լինել՝ այդպես չէ, և երևի թե պատմությունը տարիներ անց այդ գնահատականը կտա»: