Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ բանաձևով Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված նկատառումները հավասարը հավասարի սկզբունքով չեն. բազմաթիվ դեպքերում բանաձևը միակողմանի քննադատում է Բաքվին. փաստաբան

ԵԽԽՎ բանաձևով Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված նկատառումները հավասարը հավասարի սկզբունքով չեն. բազմաթիվ դեպքերում բանաձևը միակողմանի քննադատում է Բաքվին. փաստաբան
Միջազգային
18:14, 28 сентябрь 2021
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևը։ 

Civic.am-ի հետ զրույցում փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ բանաձևում ամրագրվել են մի շարք մտքեր, որոնք պարիտետային չեն, այսինքն՝ Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված նկատառումները հավասարը հավասարի սկզբունքով չեն, ինչպես սովորաբար արվում է. «ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ի կառույցներն այս տարածաշրջանի վերաբերյալ սովորաբար որոշումներ են կայացնում՝ աշխատելով հավասարը հավասարի վրա սկզբունքով նկատողություններ և առաջարկություններ անել երկու կողմերի վերաբերյալ։ Բայց այս փաստաթղթում մենք տեսնում ենք կան որոշ մտքեր, որոնք ուղղված են Ադրբեջանին՝ որպես միջազգային պարտավորության կատարող, այսինքն՝ ամբողջությամբ հավասարության նշան չի դրված։ Ինչպես, օրինակ, մշակութային ժառանգությանը հասցված վնասի առումով, երբ փաստաթղթում նշում է, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել հայկական մշակութային, այսպես կոչված՝ ալբանական ժառանգության նարատիվը, որպեսզի դա փոխի հայկական ժառանգությամբ, և ԵԽԽՎ-ն կասկած է հայտնում այդ նարատիվի ճշմարտացիության վերաբերյալ։ Սա բավական դրական մոտեցում է։ Երկրորդ՝ Բաքվում բացված ռազմավարի այգու վերաբերյալ բանաձևը միակողմանի քննադատում է Բաքվին՝ ասելով, որ սա անհանդուրժողականության քարոզ է, և դա այդպես էլ կա, որովհետև դրա հիմքում ընկած է ռասիզմը»։  

Արա Ղազարյանն այս համատեքստում հավելեց, որ արգելված չէ շատ երկրներում թանգարան բացելն ու ռազմավարի վերաբերյալ ցուցանմուշներ ցուցադրելը, բայց դա չպետք է մատուցվի ռասիստական՝ ատելության համատեքստով, մինչդեռ այդ այգին այդպես է կառուցված։ 

«Գերիների հարցով ևս վեկտորը միակողմանի ուղղված է Ադրբեջանի ուղղությամբ, ինչպես, օրինակ, հետպատերազմյան ժամանակաշրջանում գերիներ վերցնելուն, կամ կասկածի տակ է դնում Բաքվում ընթացող դատավարությունների օրինականությունը՝ նշելով, որ դրանք բարձրացնում են արդարադատության հետ կապված մի շարք խնդիրներ, և կոչ է անում անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին»,- ասաց նա։ 
 
Փաստաբանը բանաձևով Ադրբեջանին ուղղված միակողմանի քննադատությունների շարքից առանձնացրեց նաև այն, որ վերջին 30 տարիների ընթացքում հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանում հետևողականորեն ոչնչացվել է, և Ադրբեջանն է պատասխանատու դրա համար. «Հատկապես վկայակոչում է Նախիջևանում տեղի ունեցած դեպքերը՝ խաչքարերը ոչնչացնելու վերաբերյալ ըստ երևույթին, այդ թվում նաև պատերազմի ընթացքում Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ավերումը՝ եկեղեցու հրթիռակոծումը Շուշիում»։ 

Արա Ղազարյանի խոսքով՝ բանաձևում կա նաև քննադատություն Հայաստանի ուղղությամբ հնչեցված, ըստ որի՝ դատապարտում է Աղդամի, Ֆիզուլիի, որպես բնակավայրերի, ամբողջական ավերումը, որի համար պատասխանատու է Հայաստանը, և որը տեղի է ունեցել վերջին 30 տարիների ընթացքում։

Հարցին՝ այս բանաձևի հիմքով որևէ առարկայական գործողություններ իրականացվելո՞ւ են՝ մեր զրուցակիցն արձագանքեց. «Այո, սա բանաձև է, որը շարունակություն է ունենալու։ Եթե կա բանաձև, կա նաև մշտադիտարկում։ Կազմակերպություններն ու անձինք, որոնք հատուկ դելեգացված են լինելու ԵԽԽՎ-ի կողմից, ովքեր շարունակելու են մշտադիտարկել, այցելել և տվյալներ հավաքել բանաձևով ներկայացված խնդիրների վերաբերյալ։ Բանաձևով առաջարկվում է նաև ԽԿԿ-ին՝ խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, կազմակերպել արտահերթ այց Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներ՝ այնտեղ պահվող հայ ռազմագերիների պահման պայմանները ուսումնասիրելու համար։ Իսկ Հայաստանի առումով նման առաջարկ չկա, որովհետև մենք չունենք Ադրբեջանի քաղաքացի կալանավորներ, բոլորին հանձնել ենք։»։ 

Նշենք, որ երեկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից (Ադրբեջանի նախագահը երկու օր առաջ այդպիսի կոչ էր արել ՄԱԿ-ի ամբիոնից), մեզ հաջողվեց փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը, ինչը շատ կարևոր է»։     

Նարա Մարտիրոսյան