Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Պաշտոնական
20:33, 26 апрель 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցեր:

Պատասխանատուները նշել են, որ ծրագրի նախագիծը քննարկել են նաև շահառուների, քաղաքացիական հասարակության, բանկերի և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման, գործող հիփոթեքային վարկի մարման օժանդակության և սոցիալական բնակարանային ֆոնդում բնակության իրավունքի տրամադրման հնարավորություններին:

Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու ընդգծել ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակման անհրաժեշտությունը: