Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիր է նախատեսվում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիր է նախատեսվում
Հասարակություն
18:08, 01 март 2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում մարտի 1-ին կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։  

«Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք  կունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, մեր հայրենակիցները ժամանակ շահելու նպատակով պետք է  սկսեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, որից հետո, երբ կսկսվի բնակարանային աջակցությունը, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 10 տարվա ընթացքում՝ բացառությամբ անչափահասների, աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։