Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համավարակով պայմանավորված՝ նոր սահմանափակումներ կլինեն․ Առողջապահության նախարարի ասուլիսը

Համավարակով պայմանավորված՝ նոր սահմանափակումներ կլինեն․ Առողջապահության նախարարի ասուլիսը
Հայաստան
12:08, 29 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ կորոնավիրուսով հաստատված դեպքերի նվազում է գրանցվում, և, իրենց գնահատականներով, առաջիկայում նաև մահվան արձանագրված դեպքերի նվազում կլինի։

«Մենք ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը մուտացվում է, և հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք տարբերվում են նախորդներից իրենց տարածման ակտիվությամբ։ Վերջին ենթատեսակի՝ «Օմիկրոնի», որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, մուտացման աստիճանը բավական մեծ է։ Ցավոք սրտի, տվյալ վարակը կրում է 50 մուտացիա, որից 30-ը վերաբերում է սպայկային սպիտակուցին, ինչը այս պահին մանրակրկիտ ուսումնասիրության առարկա է հանդիսանում, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուսումնասիրում է՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, ինչ նոր առանձնահատկություններ ունի այս նոր գրանցված շտամը»,- հավելեց նախարարն ու ընդգծեց, որ ՀՀ ԱՆ-ն, հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրություններին, նախատեսում է որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար, և օրվա վերջին պատրաստ կլինի նոր սահմանափակումների կազմը։   

«Նախատեսում ենք ժամանակավոր սահմանափակել Հարավաֆրիկյան, Բոտսվանայի, Նամիբիայի, Լեսոտոյի, Զիմբաբվեի, Մոզամբիկի, Մադագասկարի և Տանզանիայի հանրապետություններից քաղաքացիների մուտքը ՀՀ։ Բացի սրանից, կլինեն նաև այլ սահմանափակումներ, որոնք մինչև օրվա վերջ հայտնի կլինեն»,-տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը։