Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում և ԱՀ-ում արցախցիներին հյուրընկալող ընտանիքները ստանում էին փոխհատուցում՝ 30 000 դրամի չափով՝ ՀՀ, 45 000 դրամի չափով՝ ԱՀ տարածքներում. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ-ում և ԱՀ-ում արցախցիներին հյուրընկալող ընտանիքները ստանում էին փոխհատուցում՝ 30 000 դրամի չափով՝  ՀՀ, 45 000 դրամի չափով՝ ԱՀ տարածքներում. Մեսրոպ Առաքելյան
Հայաստան
14:17, 14 январь 2022
Այսօր շարունակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը։ Այսօրվա նիստին հրավիրվել և մասնակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել է հյուընկալության ծրագիր, որովհետև այդ հյուրանոցների կամ այլ կացարանների կոմունալ վճարումները տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորմամբ են տեղի ունեցել, թեև գործառույթի մեջ մենք ներգրավված ենք եղել, իրենց տեղեկություն տրամադրել ենք, բայց ֆինանսավորման մասով մենք չենք զբաղվել։ ՀՀ-ում և ԱՀ-ում այն ընտանիքները, քաղաքացիները, որոնք հյուրընկալում էին արցախցիների, մեկ չափահաս անձի հաշվարկով ստանում էին յուրաքանչյուր ամիս փոխհատուցում՝  30 000 դրամի չափով՝ ՀՀ տարածքում, 45 000 դրամի չափով՝ ԱՀ տարածքում»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Նա տեղեկացրեց, որ պայմանն այն էր, որ այդ մարդիկ պետք է ունենան անշարժ գույք, և հյուրընկալվողները պետք է հանդիսանային Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվածներ։

Ըստ նախկին նախարարի՝ մոտավոր թվով խոսքը վերաբերում էր 35-37 հազար քաղաքացիների և մոտ 8000-9000 ընտանիքների մասին, որոնք հնարավորություն ունեին այդ ծրագրից օգտվելու։

«Եվ յուրաքանչյուր ամիս դիմում էին և, ըստ դրա, ստանում էին փոխհատուցում՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելով իրենց փաստաթղթերը։ Ծրագիրը  սկսվել է իմ պաշտոնավարման օրոք, դրանից առաջ հնարավոր է՝ եղել են քննարկումներ, բայց փաստացի առաջին ամսվա փոխհատուցումը սկսվել է դեկտեմբեր ամսից: Ծրագրի տրամաբանությունն այն էր, որ ծրագիրը լինի կարճաժամկետ՝ մեկ-երկու ամսվա համար»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ դրան զուգահեռ Արցախի Հանրապետությունում ակտիվորեն ընթանում էր  բնակարանաշինությունը, նաև անձանց այլ կացարաններով ապահովելու հնարավորություն կար, մասնավորապես, կային այսպես ասած, լքված տներ, որոնք կառավարությունը վերանորոգեց։  Այսինքն՝ փուլ առ փուլ ինչ-որ ընտանիքներ ինչ-որ տներում տեղավորվում էին և այս ծրագրի շրջանակներից դուրս էին գալիս։ 

Մեսրոպ Առաքելյանը այս պահին դժվարացավ ասել՝ այս ծրագիրը շարունակվում է, թե ոչ, բայց առնվազն իր գնահատականով, նաև այդ ժամանակ, իր առաջարկը եղել է այն, որ ԱՀ այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրենց կացարանը, մինչև նոր կացարան ստանալը՝ պետք է այս կամ նմանատիպ բովանդակությամբ այլ ծրագրից օգտվեն։