Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պահանջատեր ենք լինելու Արցախի բռնազավթված տարածքների հարցում. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ «Բռնազավթված տարածքների» վերաբերյալ նոր նախագծի մասին

Մենք պահանջատեր ենք լինելու Արցախի բռնազավթված տարածքների հարցում. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ «Բռնազավթված տարածքների» վերաբերյալ նոր նախագծի մասին
Հայաստան
18:12, 31 январь 2022
Արցախի ԱԺ-ում ներկայացված բոլոր հինգ քաղաքական ուժերի կողմից մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Նախագծում ընդգրկված են ոչ միայն 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած, այլև 90-ականների արցախյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները:

Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցման կներկայացվի փետրվարի 16-ին: 

Բաղունցի տեսակետով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բավական երկար ժամանակ կպահանջվի, որ կարողանան իրականացնել նոր օրենքի հոդվածների դրույթները: «Ըստ Արցախի Սահմանադրության` Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքները պետք է լինեն մեր հսկողության տակ: Մենք պահանջատեր ենք լինելու բռնազավթված տարածքների հարցում: Հիմնական մեսիջն այն է, որ մենք տեր ենք Արցախի Հանրապետության ամբողջ տարածքին և ոչ մի անգամ չենք համաձայնելու, որ այն գտնվի Ադրբեջանի հսկողության և տիրապետության ներքո»,- ասաց Արցախի ԱԺ փոխնախագահը: 
 
Հարցին՝ նախագծի ընդունումն արդյոք կո՞չ է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները չայցելեն այդ տարածքներ՝ դրանք վերագրելով ու ներկայացնելով իբրև Ադրբեջանի տարածք, կամ միջազգային մասշտաբի ներդրումներ չիրականացվեն այդ տարածքներում, Գագիկ Բաղունցն արձագաքնեց. «Պարզ է, մենք այդքան միամիտ չենք, որ կարծենք, թե Ադրբեջանը առաջին զգուշացումից հետո կարգելի նման գործունեություն օկուպացված տարածքներում, բայց հետագայում տարբեր միջազգային հարթակներում հարցի քննարկման ժամանակ այդ նախագիծը, որն արդեն օրենք կլինի, իրավական հիմք կծառայի, որպեսզի իրավունք ունենանք բողոքարկելու»:    
Դիտարկմանը՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված հանրապետություն է, արդյոք այս նախագծի ընդունումը բավարա՞ր է բռնազավթված տարածքների վերաբերյալ բողոքներ ներկայացնելու միջազգային ատյաններին, Արցախի ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Մենք հուսով ենք, որ այդ հարցն էլ ժամանակի ընթացքում կլուծվի, բայց այնուամենայնիվ մենք իրավական ճանապարհներ կգտնենք՝ բարձրաձայնելու մեր իրավունքներն ու պահանջները: Մեր պահանջն այն է, որ այդ տարածքները չմնան Ադրբեջանի տարածքում: Մենք ոչ մի անգամ և ոչ մի տարբերակով մեր տարածքներից չենք հրաժարվելու, օրինակ՝ նույն Հադրութից»:

Նշենք, որ թեպետ Արցախի ԱԺ փոխնախագահը ձեռնպահ մնաց նախագծի վերաբերյալ հավելյալ մեկնաբանությունից՝ նշելով, որ նախագիծն առայժմ հրապարակված չէ, սակայն Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը news.am-ի հետ զրույցում հիշատակել է, որ նախագծում ընդգրկված բռնազավթված տարածքներն են՝ Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը: 

Նարա Մարտիրոսյան