Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Արմեն Մարտիրոսյանի և Ռոման Բաղդասարյանի բռնության ենթարկվելու դեպքերը

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Արմեն Մարտիրոսյանի և Ռոման Բաղդասարյանի բռնության ենթարկվելու դեպքերը
Հայաստան
18:41, 28 апрель 2022
ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բռնի ուժի կիրառման միջադեպերը և կատարում իր մանդատից բխող գործողություններ։

Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Կապված այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ՝ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը 24-ժամյա ռեժիմով իրականացնում են մշտադիտարկում և այցեր ոստիկանական բաժիններ։

Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաև բռնության կոչերի և ատելության խոսքի տարածման դեպքերը թե՛ սոցիալական հարթակներում և թե՛ մամուլի հրապարակումներում։

Պաշտպանի աշխատակազմը իրականացված գործողությունների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով»,- ասացին ՄԻՊ գրասենյակից: 

Հիշեցնենք, որ երեկ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմադիր ակտիվստները հարձակվել էին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա: Ապրիլի 24-ին էլ քաղաքացի Գրիգոր Հարությունյանը սպառնացել և հարվածել էր քաղաքացի Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է որպես բլոգեր, որից հետո սկսվել էր ծեծկռտուք: