Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արմնյուզի» թափուր տեղը կզբաղեցնի ԲՈՒՆ TV-ն․ կազմակերպությունը հաղթել է մրցույթում, որին մասնակցում էր ևս երեք ՍՊ ընկերություն

«Արմնյուզի» թափուր տեղը կզբաղեցնի  ԲՈՒՆ TV-ն․ կազմակերպությունը հաղթել է մրցույթում, որին մասնակցում էր ևս երեք ՍՊ ընկերություն
Հայաստան
13:45, 15 июль 2022
Բուն TV-ն հաղթել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ամիսներ առաջ հայտարարված՝   հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթում:

ԲՈՒՆ գիտամշակութային հիմնադրամի տնօրեն Գեմաֆին Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեծ պատասխանատվություն է մեզ համար և շատ ուրախ ենք: Շուտով ձեր բոլորիդ հեռուստացույցներում»։ 

Հիշեցնենք, որ  «Արմնյուզի» սնանկացումից հետո այդ սլոթը թափուր էր մնացել։ Երևանում սփռման իրավունք ստանալու համար բացի հաղթող ճանաչված  Բուն TV-ից՝ («Բուն» գիտամշակութային հիմնադրամ) պայքարում էր  ևս երեք հայտատու՝ 
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն, «Յան ԹիՎի» ՍՊԸ-ն, «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊԸ-ը։ 


Բուն TV-ն  առաջին հայկական գիտամասնագիտական առցանց հեռուստաընկերությունն է: 2013 թվականին ստեղծված  «Բուն» գիտամշակութային հիմնադրամի  ներքո, բացի   «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքից, գործում են նաև «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։

Կազմակերպության  ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Բուն TV-ն բույն է ինքնակրթությունը որպես կենսակերպ ընտրած անձանց համար: Բուն TV-ի առաքելությունն է նպաստել գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը:
Մենք վստահ ենք, որ կրթությունը պետք է լինի առանց որևէ սահմանափակման, բաց, անվճար, չուղղորդվող և հասանելի բոլորին»:
 
Մի քանի ամիս է, ինչ «Բուն TV»-ն որպես արդեն եթերացանկ ունեցող ալիք հասանելի է մալուխային հեռարձակմամբ։ Կազմակերպության ֆինանսական հոսքերը մի քանի աղբյուրներից են՝ դրամաշնորհային, գովազդային ու համագործակցային։ 

Հիշեցնենք, որ Գեմաֆին  Գասպարյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2020 թվականի   մայիսի 15-ին  Գասպարյանն իր դիմումի համաձայն  ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վերջինս  2009-2010թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես կառավարման փորձագետ, այնուհետ (մինչև 2013 թվականը) նաև վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար: