Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսագրություններից պարզ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը ըստ էության բացառվում է. ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն․ Վարչապետ

Տեսագրություններից պարզ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը ըստ էության բացառվում է. ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն․ Վարչապետ
Հայաստան
12:03, 18 август 2022
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառներին ու հնարավոր վարկածներին, նկատեց. «Ես էսպես եմ հասկանում, նաև դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով. քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չի անել: Բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից պարզ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը ըստ էության բացառվում է. ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Նաև վիզուալ տեղեկությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»:

Վարչապետը նշեց, որ դեպքից հետո առաջին հարցը, որ իր մեջ ծագել է, այն է, թե կառավարությունն ինչն այնպես չի արել՝ կանխելու կամ բացառելու համար նման զարգացումը, և տեղեկացրեց. «Դեռևս 2020թ. օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին հավաքել տեղեկատվություն բոլոր այն հնարավոր օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ: Եվ դեպքից հետո առաջին գործողությունը, որ արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ»:

Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն պետք է իրականացնի կոնկրետ ուսումնասիրություն և իրեն զեկուցի, թե 2020թ. օգոստոսի իր տված հանձնարարականը ինչպես է կատարվել: «Այս պահի դրությամբ մենք գիտենք, որ խնդրո առարկա առևտրի կենտրոնում հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը 2021թ. գարնանը կատարել է ստուգումներ, արձանագրել է խախտումներ»,- նշեց վարչապետը և հավելեց, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա:

Մանրամասն՝ տեսանյութում