Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Իրանի միջև սահմանի վերացումը նոր ծրագիր չէ, սակայն դրա իրագործման հավանականությունը շատ փոքր է. իրանցի փորձագետը՝ Մեղրիի մասին

Հայաստանի և Իրանի միջև սահմանի վերացումը նոր ծրագիր չէ, սակայն դրա իրագործման հավանականությունը շատ փոքր է. իրանցի փորձագետը՝ Մեղրիի մասին
Հայաստան
15:57, 31 август 2022
Իրանցի քաղաքական փորձագետ Հասան Բեհեշթիփուրը հարցազրույց է տվել Azarpazhoh կայքին՝ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հնարավոր փոփոխությունների թեմայով։ Վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարությունը հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության վերաբերյալ՝ փորձագետն ասել է.  «Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար և հանդիսանում է իրանական քաղաքակրթական տարածության մասը, ուստի այս հարցում ցանկացած փոփոխություն ուղիղ կերպով ազդում է մեր հյուսիսային սահմանների անվտանգության վրա։ Հետևաբար, անվտանգության ու պատմության տեսանկյունից, Թեհրանը չի կարող անտարբեր լինել այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»։ 

Փորձագետը հավելել է, որ Հարավային Կովկասի սահմանների ցանկացած փոփոխություն կխախտի տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը, ինչը անմիջական ազդեցություն կունենա մյուս հատվածների կայունության և անվտանգության վրա։
Բեհեշթիփուրն ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ է սահման Իրանի հետ՝ դեպի Պարսից ծոց և Օման ծոց ելք ունենալու համար։ Փորձագետը հավելել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում այս երթուղին եղել է Հայաստանի համար միակ անվտանգ միջոցը իր կենսական կարևոր կարիքները բավարարելու համար։

«Մեղրիով անցնող սահմանը կապ է ապահովում Իրանի և այնտեղից մինչև Սև ծովի և Արևելյան Եվրոպայի միջև: Մեր երկրի համար Մեղրիի հետ սահմանը համարվում է Եվրոպա ելքի երեք հիմնական ցամաքային ուղիներից մեկը։ Ահա թե ինչու մենք կարող ենք ասել, որ Մեղրիի սահմանը կարևոր զարկերակ է մեր երկրի և Հայաստանի համար, և նման սահմանը չի կարելի անտեսել»,- ընդգծել է Բեհեշթիփուրը։

Բեհեշթիփուրի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև սահմանի վերացումը նոր ծրագիր չէ, սակայն դրա իրագործման հավանականությունը շատ փոքր է։

«Ելնելով Մեղրիի ռազմավարական նշանակությունից՝ այս սահմանը շատ էական և վճռորոշ է Թեհրանի ռազմավարական շահերի համար։ Անհրաժեշտ է մշակել համապատասխան մոտեցումներ հարևաններին տված խոստումներին և թույլ չտալ այս չարաբաստիկ նախագծի իրագործումը»,- եզրափակել է փորձագետը։