Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թ-ի սահմանը, դրանով արդեն արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքը․ վարչապետը՝ Պրահայի մասին

Հանրային հեռուստաընկերությանը այսօր տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ  Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ հստակ արձանագրում չկար, որ ադրբեջանական զորքերը մեր ինքնիշխան տարածքում են 2021 թ- մայիսից և չէր հնչում պահանջ, որ նրանք պետք է ազատեն ՀՀ տարածքը, այն դեպքում, երբ այդ հայտարարության մեջ  հիշատակվում է 1991 թ-ի Ալմաթիի հռչակագիրը, և այդ հիմքով 2 կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ասաց․ «Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թ-ի սահմանը, դրանով արդեն արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքը։ 1991 թ սահմանը տեսական երևույթ չէ, ամբողջ աշխարհը գիտի՝ որտեղով է անցնում այդ սահմանը, դրանք Խորհրդային միության ադմինստրատիվ սահմաններն են, որոնք բոլորին հայտնի են, և այդ փաստով արձանագրվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները»։ 

Վարչապետի խոսքով՝ եթե Ադրբեջանը ճանաչում է այդ սահմաները, իսկ արձանագրվել է, որ ճանաչում է, նշանակում է՝ պետք է դուրս գա այդ տարածքներից։ «Առավել ևս, որ հետագա քննարկումներով էլ արձանագրվել է, որ այդ հիմքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա։ Դա արձանագրված է, արձանագրված է դիվանագիտական ճկուն բառապաշարով, բայց կատարված չէ։ Ամենակարևորը միջազգային այդպիսի ֆորմատում դա արձանագրելն է և շարունակել աշխատանքը դա կյանքի կոչելու համար»,-շեշտեց վարչապետը։ 

Նրա խոսքով՝ Պրահայում հենց այս համատեքստում է տեղի ունեցել ԵՄ դիտորդական առաքելության գործուղման որոշումը։ «Եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, ոչ դիտորական , ոչ որևէ ալ առաքելություն չէր կարող գալ, որովհետև պարզ չէ, թե որտեղ է սահմանը»,-նշեց նա։ 

Վարչապետի խոսքով՝ նույնը արձանագրվել է Սոչիի հանդիպման արդյունքում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։