Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածքային ամբողջականությունը ճանաչելը պատասխան չի տալիս հարցին՝ Արցախը մտնում է այդ տարածքի մեջ, թե՞ ոչ. Սահմանադրագետ

Տարածքային ամբողջականությունը ճանաչելը պատասխան չի տալիս հարցին՝ Արցախը մտնում է այդ տարածքի մեջ, թե՞ ոչ. Սահմանադրագետ
Հայաստան
13:10, 09 ноябрь 2022
Եթե որեւէ պետությունը իր վրա է վերցնում ճանաչել այլ պետության տարածքային ամբողջականությունը, դա ընդամենը նշանակում է, որ ինքն իրավունք չունի որեւէ բռնի գործողություն ձեռնարկել մյուս պետության տարածքի նկատմամբ, այսինքն դա ուժի չկիրառման սկզբունքի մի տարատեսակ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց  սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

«Տարածքային ամբողջականության սկզբունքը իր մեջ չի պարունակում այն հարցի պատասխանը, թե որն է հարեւան պետության տարածքը: Այսինքն պատասխան չի տալիս այն հարցին, թե տվյալ պետության տարածքի մեջ X տարածքը մտնում է, թե չի մտնում: Կոնկրետ Ադրբեջանի հետ կապված, եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ նրանք իրենց վրա պարտականություն են վերցնում որեւէ բռնի ուժ չկիրառել հակառակորդ պետության տարածքը գրավելու համար: Բայց թե այդ տարածքի մեջ մտնում է Արցախը, թե չի մտնում, տարածքային ամբողջականությունը ճանաչելը այդ հարցին պատասխան չի տալիս:

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ լռում են այն մասին, թե որն է Ադրբեջանի տարածքը, որն է Հայաստանի տարածքը, այդ ժամանակ ի հայտ են գալիս, այսպես կոչված, օժանդակ, լրացուցիչ փաստարկները, նշանները, թե ճանաչելով իրենք ինչ են ենթադրել: Ցավոք սրտի, այս պարագայում ՀՀ իշխանությունները դարձել են Ադրբեջանի փաստաբաններ եւ ասում են՝ երբ մենք 1991-ին ճանաչում էինք ընդհանրապես տարածքային ամբողջականության սկզբունքը, մենք այդ ժամանակ արդեն իսկ ճանաչել ենք Արցախը Ադրբեջանի մաս է կազմել: Սա է ամբողջ տրագեդիան: Ըստ էության, երկրի իշխանություններն անցնում են թշնամու կողմը եւ 100 տոկոսով ընդունում են ադրբեջանական թեզերը, որ իբր, Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Սրանք տարբեր խնդիրներ ենք»,-ասաց սահմանադրագետը։