Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայր Աթոռի մեկնաբանությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ Վեհափառ Հայրապետի տեսաուղերձի մասին

Մայր Աթոռի մեկնաբանությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ Վեհափառ Հայրապետի տեսաուղերձի մասին
Հայաստան
14:26, 22 ноябрь 2022
Նախորդիվ  հայտնել ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ I-ը այս տարի որոշել են ուղերձ չհղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ և այն պատվիրակել են ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին։ Civic.am-ը հարցում էր ուղարկել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ՝ խնդրելով հայտնել, թե ո՞րն է նման որոշման պատճառը, ինչո՞ւ են կաթողիկոսները որոշել անձամբ ուղերձ չհղել, այլ պատվիրակել մեկ այլ հոգևորականի։ Ի պատասխան մեր հարցման՝ Մայր Աթոռն այդպես էլ չի հիմնավորել, թե ի՞նչն է կաթողիկոսների նման որոշման պատճառը՝  բավարարվելով միայն վերահաստատել Հ. Արշամյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունը. ««Հայաստան» համահայկական հիմնադրամից նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է դիմում՝ հերթական հեռուստամարաթոնի համար մինչև նոյեմբերի 16-ը տրամադրելու Ամենայն հայոց կաթողիկոսի տեսաուղերձը։ Այս կապակցությամբ հանձնարարվել է, որ Վեհափառ Հայրապետի օրհնությունը հեռուստամարաթոնի մասնակիցներին կփոխանցի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը»։  

Վեհափառի օրհնությունը, փաստորեն, այս տարի կհնչի ոչ թե անհատապես իր շուրթերից, այլ՝ մեկ այլ հոգևորականի։ Ինչ վերաբերում է Արամ  I -ի ուղերձ չհղելուն, ապա այս մասով  պատասխան չի տրվել։ 

Մեր մյուս հարցին՝ «այս տարի եկեղեցին նախատեսե՞լ է  հանգանակություն  կատարել Հիմնադրամին»՝  Մայր Աթոռից պատասխանել են. «Եկեղեցին իր կառույցների և հավատավոր զավակների միջոցով միշտ էլ կարևոր մասնակցություն է բերել հիմնադրամի աշխատանքներին»։

Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ավանդաբար ուղերձ է հղում Հիմնադրամի  մարաթոնի շրջանակներում։ Վեհափառի՝  2018-ին անցկացված մարաթոնի տեսաուղերձում մասնավորապես  ասվում էր. «Ազգի և հայրենիքի հզորության գրավականը մեր միասնությունն է։ Միասնաբար կարող ենք մեր երկիրը դարձնել ծաղկուն և հզոր, ժողովրդի կյանքը՝ առաջադեմ և բարեկեցիկ։ Հայրաբար հորդորում ենք, որ նոր խանդավառությամբ մասնակցություն բերեք հեռուստամարաթոնին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությանը մեր մասնակցությունը վկայություն է մեր հայրենիքի բարեշեն կյանքի հանդեպ մեր վստահության ու լավատեսության»։ 

Հարկ է նշել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մի կառույց է, որի ստեղծման գործում մեծ ավանդ ունի նաև եկեղեցին։ 

Հայրապետական Կոնդակով Հիմնադրամի հաստատումը օրհնել է երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը։  Հիմնադրամին սատարելու և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին: