Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ «Մացոյին» կոռուպցիոն հանցագործություններ քննելու «լիցենզիա» տվածների մեծ մասը ԲԴԽ անդամ է դարձել հեղափոխությունից հետո

Դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ «Մացոյին» կոռուպցիոն հանցագործություններ քննելու «լիցենզիա» տվածների մեծ մասը ԲԴԽ անդամ է դարձել հեղափոխությունից հետո
Հայաստան
20:37, 22 ноябрь 2022
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու մասին ԲԴԽ որոշումը  շատերին է ցնցել։  Մարտիրոսյանը, որին դատաիրավական համակարգում և փաստաբանական համայնքում ճանաչում են որպես «Մացո», առավելապես հայտնի է որպես «պատվերով արդարադատություն»  իրականացնող դատավոր։  Նա հայտնի է նաև որպես  2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների բերումով  հարուցված՝ աղմկահարույց «Յոթի  գործով» տխրահռչակ դատավոր։ Բացի Նիկոլ Փաշինյանից, Մարտիրոսյանը դատավճիռներ է կայացրել «Մարտի 1»-ի գործով այլ ընդդիմադիր քաղգործիչների նկատմամբ։ Հետագայում, ինչպես գիտենք, այդ գործերի մեծ մասը հասան մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը ապօրինի ճանաչեց Մարտիրոսյանի կայացրած վճիռներն ու ընդդեմ Հայաստանի վճիռներ կայացրեց՝ արդարացնելով դատապարտվածներին։ 

Մ. Մարտիրոսյանը 2001-2008 թվականներին  աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2008 -2009 թվականներին՝  Երևանի քրեական դատարանի դատավոր: 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն՝ շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Մնացական Մարտիրոսյանի ընտրությանը, ըստ «Հետք»-ի, դեմ է քվեարկել ԲԴԽ անդամներից  երեքը, այսինքն՝ փոքրամասնությունը՝ ԲԴԽ  նախագահ Կարեն Անդրեասյանը, ԲԴԽ անդամներ  Երանուհի Թումանյանցն  ու Վիգեն Քոչարյանը։  

Իսկ ովքե՞ր են ԲԴԽ այն  անդամները, որոնք, փաստորեն, կողմ են  քվեարկել  դատական համակարգի հռչակավոր ներկայացուցչին՝ վստահ ենք, քաջատեղյակ լինելով  վերջինիս գործունեության որակին և բնույթին։ 

Դավիթ Խաչատուրյան - ԲԴԽ անդամ է ընտրվել 2021 թվականի հունվարի 22-ին ՀՀ ԱԺ-ի կողմից։ Խաչատուրյանը  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդին։

Անի Մխիթարյան - ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:  2018 թվականի մարտի 1-ին ՀՀ  դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ  անդամ: 

Սերգեյ Չիչոյան - Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականից ընտրվել է ՀՀ ԲԴԽ անդամ։  2022 թ. հուլիսի 4-ից մինչև հոկտեմբերի 7-ը կատարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Մեսրոպ Մակյան - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի հուլիսի 27-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ը եղել է ՀՀ  դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ: 2019 թվականի հուլիսի 11-ին ՀՀ  դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ  անդամ։ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Ստեփան Միքայելյան - Արդարադատության ակադեմիայի դասախոս է, 2018 թ. հուլիսի 27-ից 2020 թվականի հուլիսի 31-ը եղել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահը: 2020 թվականի հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ  անդամ:

Նաիրա Հովսեփյան - ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն՝ շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: 2022 թվականի հուլիսի 27-ին  ՀՀ  դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ: 

ԲԴԽ-ն, նկատենք, այն նորաստեղծ կառույցներից է, որից անցած չորս  տարիների ընթացքում անպակաս են եղել սկանդալները։ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ  Ջհանգիրյանի  անվան շուրջ աղմկահարույց  պատմությունները  դեռևս թարմ են հանրության հիշողության մեջ։ Նշենք, որ այս կառույցի առաջին  նախագահը ՍԴ  նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն էր, որը ԲԴԽ նախագահությունից  հրաժարական տվեց հեղափոխությունից հետո՝ 2019-ի մարտին։ Այս կառույցի  նախկին անդամի կարգավիճակ ունեն ևս 12-ը, այդ թվում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Ի դեպ, ԲԴԽ-ից վերջերս հեռացած Գրիգոր Բեքմեզյանը հրաժարականի իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, թե «Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում»։

«Որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհրդի անդամ, ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ ...Իմ մտահոգությունների մասին հայտնել եմ գործընկերներիս, պատկան մարմիններին։ ...Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները։  Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»։ 

Այն, որ ԲԴԽ-ում ինչ-որ բան այն չէ, ազդարարվեց Մ. Մարտիրոսյանի ընտրությամբ նաև։ 

Ելենա Ազատյան