Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զուգահեռ 4 ամիս կունենանք ԱԻՆ՝ համակարգերն անցնցում ինտեգրելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ-ի ստեղծման և ԱԻՆ-ի գործունեության դադարեցման մասին

«Խոսքը միայն նախարարությունների թվի փոփոխության և օպտիմալացման մասին չէ. այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարության ստեղծման և ԱԻՆ-ի գործունեության դադարեցման մասին հարցի քննարկմանը:

Վարչապետի խոսքով՝ ոստիկանության կառուցվածքի լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու, նույնը վերաբերում է նաև փրկարար ծառայությանը, նույնը վերաբերում է նաև նախարարությանը. «Կարևոր է արձանագրել, որ մենք ոստիկանական, փրկարար ծառայության գործառույթները վերապահում ենք ոստիկանությանը և փրկարար ծառայությանը, իսկ այն ծառայությունները, որոնք ունեն քաղաքացիական նշանակություն՝ արդեն նախարարությանը և նրա կառույցներին»:

«Անձնագրային ծառայությունը ավանդաբար համարվել է ոստիկանական գործառույթների մաս, բայց իրականում դա քաղաքացիական գործառույթ է, և մենք հիմա ՏԿԵՆ-ից դուրս կբերենք նաև միգրացիայի ծառայությունը և կստեղծենք միգրացիայի և քաղաքացիական հարցերի ծառայություն, և, ասենք, անձնագրային ծառայություններով կզբաղվի այդ ծառայությունը, որը կլինի ՆԳՆ կազմում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով պարեկային ոստիկանության խնդիրներին՝ վարչապետն ասաց. «Ամեն տարի պարեկային ոստիկանության աշխատանքի որակը պետք է փոխվի, և մարդիկ պետք է դա տեսնեն, որովհետև եթե չկա առաջընթաց, ուրեմն դեգրադացիա է տեղի ունենալու միանշանակ: Մենք պետք է ոստիկանության, փրկարար ծառայության նոր ստանդարտներ ունենանք և պետք է բարձր նշաձողեր սահմանենք»:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, ըստ այս փաթեթի՝ ոստիկանության պետը կլինի ՆԳ նախարարի տեղակալ և կլինի ԱԽ անդամ, ոստիկանության զորքերը կվերաձևակերպվեն որպես ոստիկանության գվարդիա, որն անվտանգության ապահովման առումով ավելի ընդլայնված գործառույթներ կունենա. «Հենց նախարարության մեկնարկից պետք է սկսենք կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը»:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ այս ամենը անցնցում է կատարվելու. «Այսինքն՝ 4 ամիս մենք զուգահեռ կունենանք ԱԻՆ. սա շատ կարևոր է, որ համակարգերը ինտեգրվեն»: