Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

«Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում՝ Հայաստանի փորձագիտական հանրությունում։ Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում ՀՀ, իսկ Եվրոպականը՝ ժամանում է։ Իմիջիայլոց, մեր ՀԱՊԿ գործընկերները նշել են, որ իրենց առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար շնորհակալ ենք։ Բայց հարցի էությունը հետևյալն է․ ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր․ քանի որ ՀԱՊԿ-ը ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝  ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որն ընդունվել է 2010-ին, հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացություն՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր, սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Այսինքն, մեզ ասեն, թե իրենց պատկերացմամբ ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք այս հարցի պատասխանը չենք ստացել», - այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցի, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը միաժամանակ ավելացրեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ «Այսինքն իրենք ասել են, որ իրենց պատկերացմամբ ՀՀ քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն և հաստատել են։ Իրենք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու։ Առանց այս տարածքի մասին պատկերացման՝ դիտորդական առաքելությունը առնվազն կլինի տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չէ, թե իրենք ի՞նչ են դիտում։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ ոչ», - շեշտեց Փաշինյանը։

Շարունակելով իր հարցադրումը՝ Հռիփսիմե Գրիգորյանը հարցրեց, թե եթե ՀՀ շահերից չի բխում թեմայի վերաբերյալ աշխարհաքաղաքական որևէ տեսակի երանգավորումը, ապա ու՞մ շահերն են սպասարկում դա անողները։

«Եթե նույնիսկ ես այդ մասին ունեմ շատ կոնկրետ տեղեկություններ, չեմ ցանկանա հրապարակել՝ Ձեզ հայտնի պատճառներով», - ասաց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց, որ մինչև ԵՄ առաքելության գալը, Ադրբեջանը ԵՄ հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը՝ կոնկրետ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունները կառավարելու համար։

«Ընդ որում, ասել եմ՝ Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացվել՝ որպես արևմտյան դավադրության մասնակից։ Բայց, քանի որ ՌԴ գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ, և արևմտյան մեր գործընկերները սկսել էին մեզ խեթ նայել, թե դուք, փաստորեն, պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, և խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն այդ իրավիճակը, մենք ասացինք՝ շատ լավ, եկեք դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամենը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ», - պատասխանեց Փաշինյանը։