Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյան, Յուրի Խաչատուրով. Ապրիլյան պատերազմը ունի մեղավորներ և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն

Սերժ Սարգսյան, Յուրի Խաչատուրով. Ապրիլյան պատերազմը ունի մեղավորներ և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն
Հայաստան
19:58, 05 май 2021
Այսօր խորհրդարանը փակ նիստով քննարկում էր ապրիլյան պատերազմի հանգամանքները քննած քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Փակ նիստից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, բայց թերություններ ևս կան։ Որպես թերություն Մարուքյանը նշեց այն, որ ըստ զեկույցի այսօրվա գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը քննիչ հանձնաժողովի զեկույցի համաձայն մեղավորների թվում է, ապա նա չպետք է լինի գլխավոր շտաբի պետ։ «Ըստ զեկույցի և ըստ ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցների՝ նա այդ մեղավորներից է և հիմա չպետք է լիներ գլխավոր շտաբի պետ։ Սա ինձ համար կարևոր սիգնալ է, ինդիկատոր է, որ մենք չունենք անկողմնակալ քննություն։ Ով որ պետք է, հիմա չի մեղադրվի, իսկ ով հակառակ ճամբարում է՝ կմեղադրվի»,-ասաց Մարուքյանը։

ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ զրուցել այսօր մեզ չհաջողվեց։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին։ Վերջինից ուզում էինք հարցնել՝ իրեն մեղավոր համարո՞ւմ է ապրիլյան պատերազմի համար, թե՞ ոչ։ 

Հիշեցնենք, սակայն, որ Արտակ Դավթյանը ապրիլի 2-ին Եռաբլուրում կարծիք էր հայտնել, որ եթե ապրիլյան քառօրյա պատերազմից դասեր քաղած չլինեինք, այս պատերազմն այլ ելք կունենար։ Մեկնաբանելով իր միտքը` ԳՇ պետը նշել էր, որ ավելի վատ սցենարի դեպքում Հայաստանը կարող էր ամբողջությամբ կորցնել Արցախը և ոչ թե 44, այլ 15-20 օրվա ընթացքում:

ԱԺ ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ իր մասին արված հայտարարությունը Դավթյանը չէր մեկնաբանել՝ ասելով, որ տեղյակ չէ ու նյութերին չի տիրապետում: Իսկ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Արտակ Դաթյանի վերաբերյալ հետաքրքիր բացահայտումներ կան: Նրա խոսքով` Դավթյանը թերացել է ու պետք է պատասխանատվության ենթարկվի:

Ի դեպ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր հայտարարել է, որ զեկույցի դրվագները ունենալու են շարունակություն, եթե անհրաժեշտ լինի՝ տրվելու են նաև քրեաիրավական գնահատականներ։ 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ քանի դեռ զեկույցը գաղտնի է՝ դժվար է որևէ դիրքորոշում, տեսակետ հայտնել դրա վերաբերյալ, դժվար է ասել, թե ինչ է բացահատվել և ինչ շարունակություն պետք է ունենա զեկույցը։ Բայց առանց զեկույցի էլ ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ հրապարակումներ են եղել, բոլորին պարզ է եղել, որ կոռուպցիայի հետ կապված հարցեր են եղել, մատակարարումների, սպառազինության հետ կապված խնդիրներ են եղել, սոցիալական անարդարության խնդիր է եղել և այն ամենը, ինչ եղել է մամուլում այդ ժամանակ, արդեն իսկ քրեկաան գործի հիմք էր։ «Իսկ զուկույցը պետք է պարզեր, թե ինչու է այդպես եղել, այլ ոչ թե՝ նման բաներ եղել էին, թե ոչ։ Բայց հիմա ասում են՝ զեկույցը գաղտնի է, եթե հրապարակվի, կուղարկվի իրավապահ մարմիններին և այլն։  Չի կարող ամբողջ զեկույցը գաղտնի լինել, որոշ հատվածներ, որոշ փաստեր կարող են գաղտնիությամբ պաշտպանված լինել, բայց ամբողջական զեկույցը գաղտնի լինել չի կարող։ Ավելին, մարդու իրավունքների խախտման հանգեցրած գործողությունների վերաբերյալ տեղեկությունները չեն կարող գաղտնի լինել»,-ասաց Սաքունցը։  

Ապրիլյան պատերազմի զոհերից հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկալի կլիներ, որ գոնե ապրիլյանի ծնողներին ծանոթացնեին զեկույցի բովանդակությանը։ Բայց անկախ ամեն ինչից վստահություն ունեն, որ իրենց սրտով չի լինելու զեկույցը, արված բացահայտումները.«Երբ որ հրապարակվի, ես կասեմ իմ կարծիքը։ Չեմ կարծում, որ ամեն ինչը մեր սրտով կլինի։ Մենք ի սկզբանե պնդում էինք, որ մասնակցենք հանձնաժողովի աշխատանքներին, բայց մեզ մերժեին։ Դրա համար ես չեմ հավատում, որ ամեն ինչ բացահատված կլինի։ Բայց մենք պնդելու ենք, որ մեղավորերը պատժվեն։ Ով ուզում է երկրի ղեկավարը լինի, մեղավորներ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե ավելի վաղ էլ մի 3-4 հոգի պատասխանատվության ենթարկվեին, հնարավոր է այսօր լրիվ ուրիշ պատկեր ունենայինք։ Մեր երեխաներին օգնության չեն գնացել և պետք է պարզվի, ինչու, ովքեր ու նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ընդգծեց տիկին Ուրֆանյանը։

Մեր հարցին՝ նախկինում պնդում էիք, որ Ապրիլյան պատերազմի մեղավորները Սերժ Սարգսյանն է, Յուրի Խաչատուրովը և այլոք և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, տիկին Ուրֆանյանը նշեց, որ շարունակում է պնդել նույն պահանջը .«Այո, մենք պահանջատեր ենք լինելու»,-ասաց նա։

Արփի Հարությունյան