Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիսագորի բնակիչները սննդի հարցերը լուծում են Գորիսից. Ստեփանակերտի հետ կապը լրիվ կտրված է 1in.am

Լիսագորի բնակիչները սննդի հարցերը լուծում են Գորիսից. Ստեփանակերտի հետ կապը լրիվ կտրված է 1in.am
Հայաստան
16:33, 31 март 2023
Շուշիի շրջանի չորս գյուղեր՝ Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր, մարտի 25-ից կտրված են Ստեփանակերտից և Արցախի մյուս բնակավայրերից։ Ադրբեջանի զինված ուժի ստորաբաժանումը շաբաթ օրը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել է 2094,0 նիշով բարձունքը (Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներային կահավորում։

Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա միակ այլընտրանքային ճանապարհն էր, որտեղով մարդիկ անցնում էին դեպի Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ. «Ինչ վերաբերում է մեր համայնքի բնակիչներին, նրանք հարկ եղած դեպքում սննդի հետ կապված հարցերը լուծում են Գորիսից, ավելի հարմար տարբերակով, քանի որ դեպի Ստեփանակերտ ճանապարհը փակ է: Իսկ այլընտրանքային ճանապարհն օգտագործվում էր քաղաքացիական անձանց տեղափոխման համար: Այս պահի դրությամբ ճանապարհը փակվել է և կապը լրիվ կտրվել է Արցախի հետ»,-ասաց նա:

Լիսագոր համայնքի ղեկավարը նկատեց, որ այդ հատվածը առաջ էլ, հիմա էլ ռուս խաղաղապահներն են վերահսկում: «Մինչև հիմա ոչ մի փոփոխություն չի եղել, ինչ-որ բանակցություներ են անում իրար հետ, մեզ այդ մասին տեղեկություն չեն տվել»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանն ինչ ուզում անում է և որևէ արձագանք ռուս խաղաղապահների կողմից չկա, Նասիբյանն ասաց. «Քայլեր ձեռնարկում են, ասենք, եթե ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտում է գտնվում տեղի ունեցածը, իրենք գնում ու բանակցում են, իսկ բանակցությունների արդյունքները մեզ հայտնի չեն: Եթե ինչ-որ բան չի փոխվում, իրենք էլ իրենց մոտ տեղավորվում են, որ անվտանգության հարցերը կարգավորեն»:

Հիշեցմանը, որ ինքն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմը պետք է դիմի համարժեք գործողությունների, Լիսագորի ղեկավարը նշեց. «Ինչ վերաբերում է համարժեք քայլեր անելուն, դա իմ կարծիքն եմ ասել, բայց որոշողը ես չեմ, ոչ էլ բնակիչները: Կան համապատասխան կառույցներ, որոնք այդ հարցի շուրջ քննարկումներ են անում և համապատասխան լուծումներ են տալիս: Ես միայն ներկայացրել եմ իմ կարծիքը և օրինակն էլ բերել եմ, որ եթե մեկն անընդհատ գալիս է քեզ խփում ու գնում է, պետք է մի անգամ էլ դու իրեն խփես, որ հաջորդ անգամ չկարողանա գալ ու խփել: Ես ուղղակի ներկայացնում եմ Լիսագորի համայնքը, բնակիչների կարիքները, ինչ-որ չափով նաև անվտանգությունը»:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Լիսագորում ապրում է 25 տնտեսություն՝ 73 բնակչությամբ, զբաղվում են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով: «Բնակիչները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը, ոչ մի խուճապ չկա»,-ասաց Նասիբյանը:

Աղբյուր՝ 1in.am