Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Քաղաքականություն
14:00, 17 декабрь 2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ, կոնգրեսական Քեթրին Քլարկը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որն արդեն վերցերորդ օրն է՝ փակել է Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քլարկը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի, մասնավորապես տարեցների ու երեխաների կյանքը սպառնալիքի տակ է, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք՝ ապահովելու խաղաղությունն ու Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության»։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է: