Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգվում են Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի և դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածները. աշխատանքների ավարտը նախատեսված է տարվա վերջին

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են Լոռու մարզի Տ-5-46,/Մ-6/(Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի սկզբնամասից՝ կմ 0+000-կմ 9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածները։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9.3 կմ է։ Շինարարի կողմից մինչև Սանահին թաղամաս հատվածում կատարվում են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման, քարաթափման աշխատանքներ։ Մոտ ժամանակներս առաջին երեք կմ-ի վրա նախատեսված են ռեսայքլինգի՝ պատվածքի վերականգնման աշխատանքներ։ Իսկ 3 կմ-ից հետո մինչև Սանահին թաղամասի վերջը տեղամասում շարունակվում են հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները։ 

Շինաշխատանքները մեկնարկել են այս տարվա գարնանը։ Նշենք, որ մայիս-հունիս ամիսներին Լոռու տարածաշրջանում հորդառատ անձրևները որոշակիորեն խոչընդոտել են ճանապարհաշինությանը, և դրանք կատարվել են փոքր ընդմիջումներով՝ անդրադառնալով աշխատանքների տեմպերի վրա։ Սակայն շինարարի հետ աշխատանքների տեմպերն արագացնելու պայմանավորվածություն կա։
 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից նաև հայտնեցին, որ շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա վերջին։ 

Լիլիթ Թադևոսյան