Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հույս կա, որ դատապարվելուց հետո, մեր ռազմագերիները կարող են վերադառնալ Հայաստան»․ Արա Ղազարյան․ Տեսանյութ

Եթե Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ քրեական դատավարության կարգով տեղի ունենա դատավարություն և նրանք դատապարտվեն, ապա արտահանձնումը, որպեսզի պատիժը կրեն իրենց հայրենիքում, տեսականորեն միանշանակ հնարավոր է։

Միջազգային պայմանագրով դա ամրագրված է, և պրակտիկայում բազմաթիվ պետությունների դեպքում մենք այս փորձը տեսել ենք։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ, ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Հիշենք Կարեն Ղազարյանին, ով ռազմագերի չէր, բայց դատապարտվեց 20 տարի ազատազրկման։ Նա անսպասելիորեն 2,5 տարի պատիժը կրելուց հետո ռազմագերիների հետ վերադարձվեց Հայաստան։ Այսինքն՝ հույս միշտ էլ կա, որ դատապարվելուց հետո մեր ռազամագերիները կարող են վերադառնալ Հայաստան», - նշեց պարոն Ղազարյանը։

Նա, սակայն, նշեց, որ այս ամենը իրականում քաղաքական գործընթացներ են՝ իրավականի շղարշի ներքո, որն էլ անորոշ է դարձնում մեր գերիների՝ այս տարբերակով վերադարձը, քանի որ քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն, որոնք չեն ենթարկվում իրավականին։

Արա Ղազարյանի խոսքով՝ այսպիսի դատավարությունները երբեք չեն կարող լեգիտիմացվել։ Նախ և առաջ Ադրբեջանում տեղի ունեցող դատավարություններին չեն մասնակցում հայ ռազմագերիների հարազատները և դա արդեն իսկ բավարար է, որպեսզի ուղղակիորեն ասվի, որ հրապարակային դատավարության իրավունքը խախտվել է։
 
«Հիմա ես աշխատում ԵՄ Կարեն Ղազարյանի գործի վրա և տեսնում եմ, թե Ադրբեջանն ինչպիսի լուրջ խնդիների առաջ է կանգնած՝ Եվրոպական դատարանին ապացուցելու, որ դատավարությունն արդար է։ Սարիբեկյանի գործով Եվրոդատարանն ասել է, որ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել Հայաստանի հետ՝ քրեական գործի շրջանակներում, և պարտավոր է ապահովել կապի միջոցներ, որպեսզի մեղադրյալները շփվեն իրենց հարազատների հետ։ Սա՝ որպես մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի բաղկացուցիչ մաս։ Սարիբեկյանի գործում դա չի արվել ու ՄԻԵԴ-ն արձանագրեց խախտում, և պարզ է, որ այս գործերում, նույնպես, ՄԻԵԴ չի շեղվելու իր նախադեպային  իրավունքից», - նշեց Արա Ղազարյանը։

Պարոն Ղազարյանը նշում է, որ Ադրբեջանի դեմ կօգտագործվի  նաև այն փաստը, որ հայ մեղադրյալները նստած են մեկ շարքով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա առանձին փաստաբան և  յուրաքանչյուրը պետք նրա կողքին նստած լինի։ Նրա խոսքով՝ քրեական դատավարությամբ զբաղվողները գիտեն, թե ինչ կարևոր է, որ մեղադրյալը նստի անմիջապես պաշտպանի կողքին, ամեն պահի կոմունիկացվի նրա հետ։

«Մենք երբեք չենք իմանա, թե արդյոք նրանք օգտվել ե՞ն հակընդեմ հարցման իրավունքից։ Չէ՞ որ այնտեղ բերվում են վկաներ և մենք նույնիսկ չգիտենք,թե ովքեր են վկաները։ Այդ մարդիկ պետք է հնարավորություն ունենան հարցաքննելու այդ վկաներին,ովքեր իրենց դեմ ցուցմունք են տվել», - նշեց նա։

Ըստ Ղազարյանի, այս գործում մեղադրանքից պաշտպանվելու համար կա առնվազն 6 ֆունդամենտալ իրավունք, որոնցից յուրաքանչյուրի խախտումն ամբողջ դատավարությունը դարձնում է անիրավաչափ․ «Հիմա Ադրբեջանը չի կարողանալու ո՛չ իր հասարակությանը, ո՛չ էլ միջազգային հանրությանը, էլ չեմ ասում ՄԻԵԴ-ին, համոզել, որ այս իրավունքները տրամադրվել են։ Եվ նա չի էլ կարող տրամադրել դրանք, քանի որ հենց այս իրավունքները տրամադրեց, գործը փլվելու է։ Ապագայում մենք ունենալու ենք վճիռներ՝ Ադրբեջանի դեմ, և հենց այդ վճիռները գուցե լինեն այն ճնշող մեխանիզմը, որ որոշի այս մարդկանց արտահանձնել Հայաստան»։