Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ալիևն ուզում է սովամահության ենթարկելով հպատակեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին». Մենենդես

«Ալիևն ուզում է սովամահության ենթարկելով հպատակեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին». Մենենդես
Միջազգային
13:59, 15 сентябрь 2023
ԱՄՆ Պետական դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Քիմը հավատացնում է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա:

«Խանութների դարակները դատարկ են, շտապօգնության մեքենաները բենզին չունեն, վիժումների թիվը եռապատկվել է, և, ըստ BBC-ի ռեպորտաժի, մահերի մեկ երրորդի պատճառը թերսնումն է», - ահա այսպիսի մռայլ եղանակով է Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացել Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության մասին լսումները:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսի և մյուս սենատորների հարցերին պատասխանել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Լսումները վարող Մենենդեսը նկարագրել է արցախահայերի ծանրագույն կացությունը, նշելով, որ բնակիչների զանգվածային սովամահությունը շաբաթների հարց է: Այդ հանցագործությունը պետք է կանխել, ի՞նչ է անում դրա համար Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը:

Սենատորները Քիմին բազմաթիվ հարցեր են ուղղել, ահա դրանցից մի քանիսը՝ 2020-ի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարությամբ վիճակը պետք է հսկեին ռուսները, սակայն նրանք ոչինչ չեն անում, ինչպե՞ս կարող է Վաշինգտոնը միջամտել: Ինչո՞ւ գործադիրը չի քննարկում 1992 թվականի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի գործողությունը վերականգնելու հարցը: Ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարտադրել բացել Լաչինի ճանապարհը:

Յուրի Քիմն, ով անձամբ է ներգրավված բանակցային գործընթացում և հեռախոսով քննարկումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սենատորներին ասել է, որ Պետական դեպարտամենտը կողմերին ակտիվորեն օգնում է արժանապատիվ և հարատև խաղաղություն հաստատելու գործում: Դա բխում է նաև ԱՄՆ-ի շահերից:

«Ստատուս քվոն բացարձակապես անընդունելի է: Մենք կանգ չենք առնի, մինչև լուծում չգտնենք, այդ միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության, բեռների փոխադրության և մասնավոր երթևեկության համար: Մենք այդ ուղերձը թե՛ հրապարակավ և թե՛ մասնավոր եղանակով հասցրել ենք Ադրբեջանի ղեկավարներին», - ասել է Քիմը:

Նա նշել է նաև, որ հայ - ադրբեջանական պատերազմն ավարտված չէ, և պետք է ամեն բան արվի երկու երկրների միջև խաղաղություն ապահովելու համար:

Նրա փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները Բաքվին փոխանցել է երկու շատ հստակ ուղերձ: Առաջինն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է անվերապահորեն և անհապաղ բացել:

«Երկրորդ՝ մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,- ասել է Քիմը:

Լսումների ընթացքում խոսել է նաև վետերան սենատոր Բեն Քարդինը: Նա նշել է, որ այս առճակատումը շատ երկար է տևում, ինքը խնդրին ծանոթ է դեռ 1990-ականներից: Պատմությունը վկայում է, որ Միացյալ Նահանգները կարողացել է վճռական քայլերով նպաստել երկարատև հակամարտությունների կարգավորմանը:

«Միացյալ Նահանգների առաջնորդող դերը չափազանց կարևոր է այս երկարատև առճակատումը լուժելու համար», - ասել է Քարդինը:

Լսումներին ավարտին նախագահող Մենենդեսը հարց է տվել, թե ինչո՞ւ է Ալիևն անտեսում բոլոր կոչերը և փակ պահում միջանցքը, ինչո՞ւ ԱՄՆ գործադիրը չի ցանկանում դիմել ավելի կոշտ քայլերի, արծարծել նրա նկատմամբ անձնական սանկցիաներ սահմանելու և պատասխանատվության կանչելու հնարավորությունը:

Քիմը պատասխանել է, թե գերադասում է այդ մասին չխոսել բաց լսումներում, դա կարելի է քննարկել դռնփակ ռեժիմով:

«Ինչո՞ւ»,- առարկել է Մենենդեսը և շարունակել. - «Ես կարող եմ տալ գաղտնիություն չենթադրող պատասխան: Նա չի բացում Լաչինը, որովհետև ուզում է սովամահության մատնելով, կամ սովամահության սպառնալիքով հպատակեցնել և իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, գաղտնիք դարձնելու կարիք չկա»:

Մենենդեսը նաև դառնությամբ ավելացրել է. - «31 տարի եմ այս գործն անում, երբեմն ինձ զարմացնում են Պետական դեպարտամենտի ներկայացուցիչների մեկնաբանություններն այս հանձնաժողովում»:

Աղբյուր՝ azatutyun.am