Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի 100 մլն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ, սակայն պատերազմում «կախարդական փայտիկ» չկա. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի 100 մլն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ, սակայն պատերազմում «կախարդական փայտիկ» չկա. Պենտագոնի ղեկավար
Միջազգային
10:31, 21 ноябрь 2023
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, խոսելով Ուկրաինայում ռազմաճակատում իրավիճակի զարգացման հեռանկարների մասին, ասել է, որ այս պատերազմում «կախարդական փայտիկ» չկա։ Այս մասին Պենտագոնի ղեկավարը ասել է Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ 

Օսթինը խոստացել է, որ ամերիկյան իշխանությունները կշարունակեն բարձրորակ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

«Այնպիսի հակամարտության մեջ, ինչպիսին սա է, չկա զենք, որը կարող է դառնալ կախարդական փայտիկ: Ամեն ինչ կախված է (Ուկրաինային) տրամադրվող ռազմական հնարավորություններից և դրանց համակցումից առկա այլ սպառազինությունների հետ՝ խոսքը F-16 կործանիչների, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերի և այլնի մասին է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կօգտագործեք այդ հնարավորությունները և կսինխրոնացնեք դրանք՝ մարտի դաշտում ցանկալի էֆեկտի հասնելու համար... Սա կոշտ, հյուծիչ պայքար է, և այսպես կշարունակի մնալ նաև ապագայում»,- հստակեցրել է Օսթինը, որի խոսքերը մեջբերում է «Ստրանա.ua»-ն: 

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների առջև բարդ խնդիր է դրված՝ «վերջնարդյունքում ռազմական հաղթանակի հասնել Ռուսաստանի նկատմամբ»։

Կիև կատարած այցի ժամանակ Լլոյդ Օսթինը նաև հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ հատկացնելու մասին: Դրանում կներառվեն հակատանկային սպառազինություն և հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ։ Օսթինը հայտարարել է, որ ինքը Ուկրաինայի նախագահի հետ քննարկել է «ռազմի դաշտի անհետաձգելի կարիքների և պաշտպանության երկարաժամկետ կարիքների աջակցության հարցը»: