Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բալթյան երկրների և Ուկրաինայի ԱԳ նախարարները հրաժարվել են ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցությունից՝ Լավրովի ներկայության պատճառով

Բալթյան երկրների և Ուկրաինայի ԱԳ նախարարները հրաժարվել են ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցությունից՝ Լավրովի ներկայության պատճառով
Միջազգային
10:55, 29 ноябрь 2023
Բալթյան երկրների արտգործնախարարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում հայտարարել են Սկոպյեում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելու մասին։

Նախարարները դեմ են գագաթնաժողովին Ռուսաստանի պատվիրակության, մասնավորապես՝ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ներկայությանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախարարները չեն ցանկանում իրենց
մասնակցությամբ լեգիտիմացնել Ռուսաստանի ռազմական ագրեսիան։

«Վերջին երկու տարիներին մենք ականատեսն ենք եղել այն բանի, թե ինչպես է ԵԱՀԿ անդամ մի պետությունն ակտիվորեն և դաժանորեն փորձում ոչնչացնել մյուսին: (...) ԵԱՀԿ-ն ի սկզբանե ստեղծվել է եվրոպական անվտանգության ամրապնդման, հակամարտությունները կանխելու և խաղաղություն պահպանելու համար։ Ռուսաստանն իր անօրինական ու դաժան գործողություններով կրկին ու կրկին ապացուցում է, որ անվտանգության ոլորտում ինքը Եվրոպայի գործընկերը չէ։ Գործնականում այսօր Եվրոպան անվտանգության կարիք ունի Ռուսաստանից և նրա դեմ, այլ ոչ թե նրա հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նախարարները նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաօկուպացնել ուկրաինական տարածքները, փոխհատուցել վնասը և պատժել ռազմական հանցագործությունների համար։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ևս հայտարարել էր, որ բոյկոտելու է ԵԱՀԿ նախարարների նիստը՝ նույնպես Լավրովի պատճառով։ Ուկրաինական պատվիրակությունը ներկա կլինի դեսպանների մակարդակով։