Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում լրագրող աշխատելու համար ստիպված կլինեն տրամադրել տան հասցեները, հեռախոսահամարները․ Ալիևի բռնապետական սահմանափակումները

Ադրբեջանում լրագրող աշխատելու համար ստիպված կլինեն տրամադրել տան հասցեները, հեռախոսահամարները․ Ալիևի բռնապետական սահմանափակումները
Միջազգային
14:20, 09 февраль 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ստորագրել է մեդիադաշտին առնչվող աղմկահարույց նոր օրենքը, որը, ըստ տարբեր փորձագետների, միտված է բարդացնելու լրագրողների կյանքը։ BBC-ի ռուսական ծառայությունն անդրադառնալով թեմային ՝ գրում է․ լրագրողներն հիմա պետք է գրանցվեն մեկ ռեեստրում, նշեն իրենց տվյալները, բացի այդ՝ չեն կարող արտասահմանից ֆինանսավորում ստանալ։   

ԶԼՄ-ի մասին նոր օրենքի համաձայն՝ պետք է ձևավորվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեեստր։ Նոր օրենքով լրագրությամբ չեն կարող զբաղվել բարձրագույն կրթություն չունեցողները, նախկինում ծանր հանցագործությունների և «հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների» համար դատապարտվածները։ Քաղաքական կուսակցությունները կարող են հիմնել միայն տպագիր մամուլ, բացի այդ՝ լրատվամիջոցներն իրավունք չեն ունենա օտարերկրյա ֆինանսավորում ստանալ։

Լրատվամիջոց գրանցելիս հիմնադիրները պետք է տրամադրեն հիմնադրի, խմբագրի և բոլոր լրագրողների հասցեները, անձը հաստատող փաստաթղթի համարները և այլ կոնտակտներ։

Իրավաբան Ալեքսեր Մամեդլիի խոսքով՝ նոր օրենքը թեև ուղղակիորեն չի մատնանշում բոլոր լրագրողների գրանցվելու պարտավորությունը, սակայն նրանց վրա ճնշում գործադրելու պատրվակ կդառնա։

«Եթե լրագրողին հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը ծեծի, ապա այդ օրենքը կարող է դառնալ առիթ ասելու՝ մենք քեզ պաշտոնապես լրագրող չենք համարում»,-ասել է իրավաբանը։

BBC-ի հետ զրույցում լրագրող Փաթիմա Մովլամլին էլ ասել է, որ չի կարող հանգիստ աշխատել։

«Ենթադրենք, ես ինչ-որ ակցիա եմ լուսաբանում։ Առանց այդ էլ դա շատ դժվար էր, քանի որ ոստիկանությունը մեզ խանգարում էր, հիմա այդ օրենքը փաստացի ոստիկանությանը տալիս է իրավաբանական հիմք, որպեսզի ինձ օրինական ծեծեն ու կոտրեն տեսախցիկը»,-ասել է լրագրողը։

Ընդդիմադիր MEYDAN TV-ի լրագրող Սևինջ Վաքիֆքըզին էլ նշել է, որ գրանցման այդ գործընթացից հետո այլևս չես կարող լրագրող աշխատել։

Նշենք, որ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով մշակված օրենքը խորհրդարանն ընդունել էր 2021 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Ամանորի տոներից անմիջապես առաջ։ Իսկ մինչ այդ՝ մշակման պահից սկսած յոթ ամսվա ընթացքում նոր օրենքի նախագիծը չէր հրապարակվում։

Այս ամենը վրոդովմունք էր առաջացրել տեղի լրագրողների շրջանում, որոնք տեղյակ չէին, թե օրենքում ինչ կարող է լինել։

ԶԼՄ-ի նոր օրենքը արժանացել է նաև միջազգային կառուցների կոշտ գնահատականին։ Մասնավորապես, միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը իր դիրքորոշումը հրապարակել էր դեռ ընդունումից առաջ։

«Այդ օրենքն ուղղված ԶԼՄ-ի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ու գրաքննության օրինականացմանը»,-ասել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժաննա Կավալյեն։

«Մենք խնդրել ենք Վենետիկի հանձնաժողովին օրենքի քննություն անցկացնել և դիմել Ադրբեջանի նախագահին՝ կոչ անելով չստորագրել այս օրենքը»,-ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով զեկուցող Շտեֆան Շեննակը:

Բացի այդ՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել լրամշակումների համար խորհրդարան վերադարձնել վերջերս ընդունված «Լրատվամիջոցների մասին» օրենքը։

BBC-ի հետ զրույցում Ադրբեջանի իշխանությունների խոսափողներից Ապա լրատվական գործակալության ղեկավար Վյուսալա Մահիրքըզին էլ ասել է, որ նոր օրենքը շատ լավ արտացոլում է ժամանակակից էլեկտրոնային լրատվամիջոցների իրականությունը։ Նա ասել է, որ նոր օրենքն իրեն դուր է գալիս։

BBC-ին հիշեցնում է լրագրողների նկատմամբ հետապնդումները Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնց պատճառով շատերը լքել են երկիրն ու աշխատում են արտասահմանից։ 

Աղբյուր՝ factor.am